Հիշողություններ Երևանի մասին

Mar 17

Աննա Տեր-Գուլանյան
Հիշողություններ Երևանի մասին
Անբասիրությունը նրա միակ թուլությունն էր
Աշխարհը տրված է ոչ միայն վայելելու, այլև կատարելագործելու համար. այս սկզբունքով էր ապրում և գործում Գրիգոր Հասրաթյան հրաշալի մարդը, ով ժամանակների մեջ վայելում էր սեփական ժողովրդի սերն ու վստահությունը, ինչը վաստակել էր իր անձով ու գործունեությամբ: Նա, թերևս, հիմնարար առաքելություն ուներ’ ազգին ու ժողովրդին ծառայել, արարել երկրի համար և այդ ճանապարհին էլ գտավ իր ինքնահաստատումը: Տաղանդավոր շինարար ու կազմակերպիչ էր, պետական գործիչ և մեծ հայրենասեր:
Գրիգոր Հասրաթյանը ծնվել է 1919 թ. նոյեմբերի 24-ին Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղում: Երկու տարեկան էր, երբ նրան որդեգրեց մորեղբայրը’ մեծանուն գիտնական Մորուս Հասրաթյանը: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գրիգոր Հասրաթյանն ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետ: Իսկ ինստիտուտից հետո անցավ մասնագիտական աշխատանքի’ հաջորդաբար բարձրանալով պետական վարչական գործունեության սանդուղքով: Առաջին պաշտոնատեղը եղավ Հայաստանի խճուղային ճանապարհների վարչությունը’ որպես ճարտարագետ ճանապարհաշինարար: Այնուհետև աշխատեց ՀԽՍՀ ջրային տնտեսության վարչությունում, ղեկավարեց Երևանի Լենինյան շրջանի շինարարական գրասենյակը, իսկ 1958 թ. իր իսկ հիմնած Երևաննախագիծ ինստիտուտի տնօրենն էր: 1960 թ. Գրիգոր Հասրաթյանը ընտրվեց Լենինականի (Գյումրի) քաղխորհրդի գործկոմի նախագահ, իսկ 1962 թ.’ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ’ քաղաքապետ և պաշտոնավարեց մինչև 1975 թ. փետրվարը:
Այս տարիներին նա աշխատեց լավագույնս. Գրիգոր Հասրաթյանը ոչ միայն տաղանդավոր մասնագետ էր, այլ նաև երանելի մարդ. արտիստիկ էր, հռետոր, օժտված հարուստ բառապաշարով և ակնածանք ներշնչող արտաքինով: Հավաքների ժամանակ սեղանապետն էր ու իր գեղեցիկ և հուզիչ բաժակաճառերով իշխում ու զարդարում էր հավաքները: Որտեղ էլ լիներ, լիդեր էր: Հասրաթյանն ուներ ղեկավարման իր ուրույն ոճն ու գործելակերպը, որով կարողանում էր իր շուրջը հավաքել տաղանդավոր մարդկանց ու խորհրդակցելով նրանց հետ’ օր օրի գեղեցկացնում ու շենացնում էր Երևան քաղաքը: Նա Թամանյանի նախագծած քարե քաղաքին շունչ, հոգի ու կենդանություն տվեց, Երևանը կերպարանավորեց:
Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի իններորդ համարում