Միքայել Մինասյան. «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը

Mar 13

Միքայել Մինասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ազդարարել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի
գործունեության մեկնարկի և հիմնական ուղղությունների մասին։
«Սիրելի՛ ընկերներ,
պատիվ ունեմ տեղեկացնելու, որ իմ ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ ի հիշատակ երկու
պապերիս՝ անվանի գիտնական ու քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական
գործիչ Գրիգոր Հասրաթյանի:
Լուսանկարում պապերս են, մարդիկ, որոնք անսահման սիրել են իրենց երկիրն ու մասնագիտությունը, ունեցել
են առաքելության զգացում և մեծ գործեր անելու նվիրում։
Հայրական պապս՝ Միքայել Մինասյանը, տարբեր պաշտոններ զբաղեցնելու հետ մեկտեղ, երբեք չի հեռացել
գիտությունից: Լինելով միջազգայնագետ-պատմաբան՝ նա համատեղել է գիտական ու քաղաքական
գործունեությունը, եղել է ամբիոնի վարիչ, արժանացել է պրոֆեսորի կոչման:
Պրոֆեսոր Մինասյանն իր գիտելիքներն ու փորձը ներդրել է նաև բացահայտելու քաղաքական լիդերի և
քաղաքական էլիտայի էությունը: Նա համոզված էր, որ քաղաքական լիդերին զսպող ամենահզոր ուժն ու
սխալներից պաշտպանողը պատմության առջև պատասխանատվության զգացումն է: Իր գրքերում նա նշում էր, որ
քաղաքական գործիչը չի կարող հաջողության հասնել, եթե չգիտի կամ չի կարևորում պատմությունը: Նրա
գնահատմամբ՝ պատմությունը փաստերի ոչ թե այսրոպեական, այլ ընդհանրական ընկալումն է, իսկ իրական
լիդեր նա է, ով ի զորու է ընկալել և ճիշտ վերլուծել պատմությունն ու իր դերը պատմության շրջապտույտում:
Նա պնդում էր, որ պատմությունը երկրի վերնախավի համար ոչ միայն իմացություն է, այլև
պատասխանատվության մեծ բեռ:
Մայրական պապս՝ Գրիգոր Հասրաթյանը, ևս քաղաքական գործունեությանը զուգահեռ զբաղվել է գիտությամբ:
Պապս ինչ պաշտոնում էլ լիներ` հավատում էր, որ մեծ արդյունքի կարելի է հասնել միայն մեծ երազանք
ունենալու դեպքում, որին տանող ճանապարհը պետք է հարթել մշակույթի միջոցով։ Ընդ որում, մշակույթ ասելով
նա նկատի ուներ ոչ թե «հայկական մշակույթը հայերի համար», այլ «հայկական մշակույթն աշխարհի համար»։
Նա հավատում էր, որ պետք է բաց լինել աշխարհի առջև, դառնալ համաշխարհային հանրության մասը և
ստեղծել զուտ հայկական, բայց աշխարհին հասկանալի ու մրցունակ մշակութային արժեքներ։ Նա համոզված էր,
որ մշակույթը պահպանելուն զուգընթաց պետք է միշտ առաջ շարժվել:
Երկու պապերս էլ թողել են մեծ մշակութային ժառանգություն, որը կարելի է տեսնել պարզապես զբոսնելով
Երևանի փողոցներում:
Ուստի մեզ՝ նրանց ընտանիքների անդամների համար, մեծ պատասխանատվություն է շարունակելու այն գործը,
որով ապրել են նրանք։ Այդ պատճառով մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-
Մինասյան» հիմնադրամը։
Հիմնադրամն ունենալու է 2 հիմնական ուղղություն. «Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության
վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով: Իսկ «Հասրաթյան»
բաժինը պայմաններ կստեղծի արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ
նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Մեր երկու ընտանիքներն այս որոշումն ընդունել են պատասխանատվության մեծ զգացումով ու հավատով`
ապագայի նկատմամբ։ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը»։