«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» սկսում է «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական հետազոտությունների իրականացման երկրորդ ծրագրի հայտերի ընդունումը

Jan 13

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 15, 2021 թ.

Արդյունքների ամփոփումը՝ մարտի 29, 2021 թ.

Դրամաշնորհի չափը՝ 2.5-5 մլն ՀՀ դրամ

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» Մինասյան կենտրոնը 2019 թվականի նոյեմբերին հայտարարեց պատմագիտական հետազոտությունների իրականացման ծրագրի մեկնարկի մասին։ Ընդհանուր հաշվով 6 երկրից ստացվել է 54 հայտ։ 2020-21 թթ․ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքները շուտով կներկայացվեն հանրությանը։

«Մինասյան» կենտրոնն ուրախ է ազդարարել, որ սկսում է պատմագիտական հետազոտությունների իրականացման երկրորդ ծրագիրը։ 2021-22 թթ․ ընթացքում «Մինասյան» կենտրոնը պատրաստ է աջակցել հետևյալ թեմաներով գիտական հետազոտությունների իրականացմանը՝

  • Հայկական ազգայնականությունը 20-րդ դարում,
  • Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում,
  • 1910-1920-ական թթ. հայոց պատմության վերագնահատման քառուղիներում,
  • 1960-90-ական թթ. գաղափարախոսական կերպափոխումները Հայաստանում,
  • Խորհրդահայ գործիչներ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան և այլն,
  • 20-21-րդ դարերի հայոց պատմության փուլաբաժանման խնդիրները,
  • Պատմության դասագրքերի և դասավանդման մեթոդների փոփոխության առանձնահատկությունները վերջին 100 տարվա ընթացքում

 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հայտերն ընդունվում են և հայերեն և անգլերեն լեզուներով, Word կամ PDF ձևաչափերով։ Հայտում պետք է նշված լինեն հետևյալ կետերը.

  • Ուսումնասիրվող թեմայի համառոտ նկարագիրը (մինչև 1,500 բառ), որը պետք է ներառի՝
    • խնդրի կարևորությունը և գիտական հարցադրումը,
    • հետազոտության իրականացման մեթոդաբանությունը,
    • հետազոտության ակնկալվող արդյունքների ներկայացումը,
  • հայտատուի (խմբային հայտի դեպքում՝ բոլոր մասնակիցների) CV-ն՝ մինչև 5 էջ,
  • հրատարակված հետազոտությունների ցանկը,
  • հետազոտության իրականացման ժամանակացույցը,
  • պահանջվող ֆինանսավորման չափը և մանրամասն նկարագիրը:

Հայտերը գնահատող անկախ հանձնաժողովը մեծապես կարևորում է առաջարկվող թեմայի նորարությունը, հստակ շարադրված գիտական հարցադրումը, առաջարկվող հետազոտության մեթոդաբանության հստակությունը, հայտատուի և գիտական թիմի մասնագիտական կարողությունները, ծրագրի իրականացման ժամանակացույցի իրատեսությունը և պահանջվող ֆինանսավորման նպատակահարմարությունը։ Դրամաշնորհին կարող են դիմել թե՛ փորձառու գիտնականներ, թե՛ երիտասարդ մասնագետներ:

Կդիտարկվեն նաև այն հայտերը, որոնք «Մինասյան» կենտրոնի թվարկած թեմաների և ավելի լայն հետազոտությունների միջակայքում են:

2020 թ. մարտին հաղթած գիտնականները չեն կարող մասնակցել սույն փուլին։

ՀԱՅՏԵՐԸ [email protected] ԷԼ-ՀԱՍՑԵԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՆՉԵՎ 2021 Թ. ՄԱՐՏԻ 11-Ը:

Դրամաշնորհ ստացած մասնակիցները 2021 թվականի ՀՈՒԼԻՍԻ 15-ին և ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ին պետք է ներկայացնեն հետազոտության իրականացման առաջընթացի մասին երկու զեկույց (մինչև 2,000 բառ): Հետազոտության վերջնական աշխատանքները (մինչև 50,000 բառ) պետք է ներկայացվեն մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2018 թվականի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

Հիմնադրամի «Մինասյան» կենտրոնն իրականացնում է պատմագիտական հետազոտություններ: Կենտրոնի նպատակներից է պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։

Այս նպատակներն իրագործելու համար կենտրոնը նպատակ ունի իրականացնել հետևյալ ծրագրերը.

  • Համաժողովների կազմակերպում միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետների ու պատմաբանների մասնակցությամբ,
  • Անհատական կամ խմբային դրամաշնորհների տրամադրում,
  • Պատմագիտության ու քաղաքական մտքի զարգացման նպատակով հետազոտությունների հրապարակում պատմության առանձին էջերի, գրականության, մեդիաբովանդակության վերլուծությունների, արվեստի (նկարչություն, ֆիլմարտադրություն և այլն) թեմաներով,
  • Ուսանողների և հետազոտողների համար դասախոսությունների կազմակերպում,
  • Հատուկ հարթակի ստեղծում, որտեղ կքննարկվեն պատմաբանների մասնագիտությանն ու պրակտիկային առնչվող թեմաներ: