05.08.2020

Մեծ կորուստ հայ և համաշխարհային հնագիտության համար

Հասրաթյան֊Մինասյան հիմնադրամն իր խորին վշտակցությունն է հայտնում հնագետ Գրիգոր Եվգենիի Արեշյանի մահվան կապակցությամբ։ Ականավոր գիտնականը մեր հիմնադրամի լավ բարեկամն էր եւ խորհրդատուն։ Իր ժողովրդի և Արեշյանների տոհմի արժանավոր զավակն ամբողջ կյանքը նվիրեց հնագիտության և հայագիտության զարգացմանը, երիտասարդ կադրերի պատրաստման գործին, հայոց մշակութային ժառանգության հանրայնացմանը: ՀՀ ԳԱԱ արտասահամանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսորը Արեշյանը տարիներ շարունակ գործակցել է Հայոց ազգագրության թանգարանի հետ, պարբերաբար հանդես է եկել դասախոսություններով, ղեկավարել է ուսանողների մասնագիտական պրակտիկաներ, մշակել հայեցակարգեր։ Մինչեւ վերջերս էլ ակտիվ զբաղվում էր հնագիտությամբ եւ գիտական գործունեությամբ։

 

Դասախոս եւ պետական գործիչ Արեշյանը

Ականավոր հնագետը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Սովորել է Ս. Պետերբուրգի ասպիրանտուրայում՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նրա ղեկավարն էր հայտնի հնագետ, Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին: 1981 թվականին Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀում ստեղծվեց հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: Չորս տարի զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Անկախության առաջին տարիներին Արեշյանը ներգրավվեց երկրի կառավարման գործում: Նա Հայաստանի Հանրապետության պետնախարար էր, ղեկավարել է ՀՀ պատվիրակությունը Ռուսաստանի հետ բանակցություններում: 90֊ականներին բուժման նպատակով տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ բուժմանը զուգընթաց զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Գրեգորի Արեշյանը դասավանդել է ԱՄՆ 14 համալսարաններում և քոլեջներում, այդ 2016 թվականին տեղափոխվեց Հայաստան, դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալարանում:

Հնագետ Արեշյանը

Մեծ է նրա ավանդը հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում: Դեռևս ուսանողական տարիներին մասնակցել է Լճաշենի, Արթիկի դամբարանադաշտերի, Կարմիր բլուրի պեղումներին: Նա ղեկավարել է Ադաբլուրի, Մոխրաբլուրի, Նորաբացի բլուր բնակատեղիների, Բերքաբերի, Մայիսյանի, Շամիրամի դամբարանադաշտերի պեղումները: Արեշյանը եղել է հնագետների միջազգային թիմի համանախագահը, որը եւ հայտնաբերեց Արենիում գտնված 5,500 տարվա վաղեմության կոշիկը և ամենահին գինեգործարանը։ 2011 թվակաինց նրա ջանքերով ձևավորվեց ևս մեկ հայամերիկյան արշավախումբ, որը վերսկսեց և ներկայումս էլ շարունակում է Մասիս բլուր նեոլիթյան հնավայրի պեղումներն ու նյութերի ուսումնասիրությունները:

Գիտնական Արեշյանը

Մեծ է Գրգոր Արեշյանի ավանդը Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության ասպարեզում: Նրա հրատարակած ուսումնասիրություններից շատերը ուղենիշային դեր են խաղացել Հայկական լեռնաշխարհի հնագիտական մշակույթների ժամանակագրության համար: Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում: Գրիգոր Արեշյանի գիտական աշխատանքները նվիրված են Հայկական լեռնաշխարհի, Կովկասի և Առաջավոր Ասիայի հնագիտության և մշակույթի տարբեր ասպեկտների վերլուծությանը: Արեշյանը տիրապետում էր մի շարք, այդ թվում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների, ազատ կարդում էր գրաբար, լատիներեն, ուրարտական սեպագիր տեքստեր: Գիտական նշանակալից արդյունքների համար 2014 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Արեշյանը նկատել էր՝ «Մենք անկախ մտածողության մեծ անհրաժեշտություն ունենք»

 

Հասրաթյան֊Մինասյան հիմնադրամի բարեկամ Գրիգորի Արեշյանի հիշատակը վառ է մնալու բոլորիս հիշողություններում։