09.12.2020

«Ինքս ինձ հետ՝ առերեսված». դրամաշնորհային ծրագրի շրջանակում արվեստագետը պատրասվում է ներկայացնել 80 աշխատանք

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարել էր դրամաշնորհային ծրագիր վիզուալ արվեստի ոլորտում գործեր ստեղծելու
համար: Թեման՝ «Առերեսում»-ն է, ծրագրի նպատակն է՝ աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, գնահատել
արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: Նախագծի, դրա
նպատակի և արվեստագետի ծրագրերի մասին զրուցել ենք հաղթողներից Շահանե Շահբազյանի և նրա աշխատանքների
համադրող Լիլիթ Ալեքսանյանի հետ:

Շահանե Շահբազյան Գեղարվեստի ակադեմիայի սան է: 21-ամյա արվեստագետը մի օր որոշեց ուսումնասիրել
գեղարվեստական տպագրությունն ու այդպես էլ մինչև այսօր այն շարունակում է մնալ իր նախընտրելի ուղղությունը:
Աշխատանքների համադրողը սկզբում զարմացել է, երբ իմացել է, որ երիտասարդ ուսանողուհուն հետաքրքրել է
գեղարվեստական տպագրությունը, հիմա արդեն հպարտությամբ է նկատում՝ հենց նոր սերունդը կարող է այս ուղղությանը նոր
շունչ հաղորդել. «Երբ տեսնում եմ, թե ինչ սիրով է Շահանեն աշխատում, վարակվում եմ իր եռանդով: Նա ոգեշնչում է ինձ:
Թեև սա հին մեթոդ է, բայց ուրախությամբ պետք է նշել, որ երիտասարդները շատ հետաքրքրված են գեղարվեստական
տպագրությամբ»:

Լիլիթ Ալեքսանյանը մասնագիտությամբ սոցիոլոգ է, մշակութային լրագրող ու թարգմանչուհի։ Այժմ հիմնականում աշխատում է
ցուցահանդեսների համադրող։ Երազում է լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ, և մի օր էլ անհատական ցուցահանդես ունենալ:
Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Առերեսում» դրամաշնորհային ծրագրում Շահանեն ու Լիլիթն ընտրել են «Ինքս ինձ հետ՝
առերեսված» թեման: Գեղարվեստական աշխատանքների միջոցով Շահանեն ցույց կտա իր պատկերացումները. «Մարդն իր իսկ
առաջ, կարծես, առերեսված լինի: Իմ խնդիրն է ցույց տալ, որ բոլոր վախերը հաղթահարելով, ի վերջո, գտնում է ինքն իրեն:
Մարդը պետք է չիդեալականացնի իրեն, մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք: Իդեալական չենք՝ հենց այս իմ պատկերացումներն
էլ կարտահայտեմ աշխատանքներիս մեջ»:

Ըստ Շահանեի, հատկապես երիտասարդ արվեստագետների համար շատ կարևոր են դրամաշնորհները: Քանի որ միայն այդ
դեպքում է հնարավոր ունենալ մեծ հավաքածուներ ու դրանք ներկայացնել երկրի սահմաններից դուրս: Շահանե Շահբազյանը
պատրաստվում է ներկայացնել 8 տասնյակ աշխատանք, խոստանում է՝ նույնիսկ գերազանցել այդ սահմանված թիվը:
«Առերեսում» ծրագրի հաղթող մասնակիցների նախագծերը պատրաստ կլինեն գարնանը: