18.09.2020

«Ուրբան պոեզիա». «Առերեսում» ծրագրի շրջանակում երևանյան ֆոլկլորը պատերից կհայտնվի արվեստում

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարել էր դրամաշնորհային ծրագիր վիզուալ արվեստի ոլորտում գործեր ստեղծելու նպատակով: Թեման՝ «Առերեսում»-ն է, ծրագրի նպատակն է՝ աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, գնահատել արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: Նախագծի, դրա նպատակի և արվեստագետի ծրագրերի մասին զրուցել ենք երեք հաղթողներից էդիկ Պողոսյանի հետ:

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի ժյուրին ստացել է 21 հայտադիմում Երևանից և մարզերից։ Ընտրված երեք հաղթողներից Էդիկ Պողոսյանը ներկայացնելու է «Ուրբան պոեզիա» խորագրով աշխատանք։ Արվեստագետի խոսքով. «Նախատեսված է անել վիզուալ պոեզիա, որը կօգտագործվի ուրբան տարածքում՝ պատերին արված գրաֆիտիներով, հայտարարություններով, ձեռագիր գրություններով, մի խոսքով՝ երևանյան ֆոլկլորը կհայտնվի պատերին»:

Էդիկը Հայաստան է տեղափոխվել 14 տարի առաջ, Թեհրանում ստացել է գեղանկարչի մասնագիտություն և հիմա զբաղվում է գրաֆիկ դիզայնով: Վիզուալ պոեզիա ստեղծելու գաղափարը մի քանի տարի առաջ է ծագել նրա մոտ, արդեն իսկ նախագծի նախատիպն ունի՝ սկզբում թերթային պոեզիան էր, որ հիմա կդառնա ուրբան վիզուալ պոեզիա. Էդիկ Պողոսյանն ասում է. «Օգտագործում էի հեռուստատեսային ծրագրերի հիման վրա ստեղծված պոետիկ տեքստերը, որը հետո դարձավ որպես վիդեո: Սկսեցի ուրբան տարածքից վերցնել մեջբերումներ: Նպատակը մեզ շրջապատող ֆոլկլորը, որը քիչ ենք նկատում, ցույց տալ շատերին: Ես միաձուլելու եմ գրականությունը և ֆոլկլորը»:

Մարդիկ նորույթի կողքով անտարբեր չեն անցնում՝ վստահեցնում է Էդիկ Պողոսյանը. ընթերցողին դրանք հետաքրքիր են: Նաև իրենց մեջ պարունակում են ժամանակագրական տարրեր՝ համեմված հումորով և քննադատությամբ: Այս նախագիծն իրականություն կդառնա Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շնորհիվ: Դիզայների խոսքով, հիմնադրամը նման դրամաշնորհային ծրագրերի միջոցով հնարավորություն է տալիս արվեստագետին ստեղծագործել, զարգանալ և հանդես գալ նոր նախագծերում. «Հայաստանում գրեթե չկան ժամանակակից արվեստին ուղղված դրամաշնորհներ, նման հիմնադրամները շատ կարևոր են, քանի որ Մշակույթի նախարարությունը միշտ չէ, որ կարող է բոլորին ֆինանսավորել, իսկ նման հիմնադրամների դերն այս դեպքում շատ ավելի է կարևորվում ու նրանց կարիքը կա»:

Էդիկ Պողոսյանի և մյուս հաղթող մասնակիցների նախագծերը գարնանը պատրաստ կլինեն: