«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» պատմագիտական դրամաշնորհային մրցույթի հաղթողները ստացան դրամաշնորհները

Mar 14

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամ»-ը դրամաշնորհային մրցանակներ է հանձնել՝ ընտրված չորս ուշագրավ թեմաների հայտատուներին: «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» պատմագիտական հետազոտությունների իրականացման մրցույթին  ընդհանուր առմամբ ներկայացվել էր 54 թեմա՝ 6 երկրից: Հաղթած մասնակիցները ստացել են 7-10 հազար դոլար՝ յուրաքանչյուր հետազոտվող թեմայի համար: Ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու վերջնաժամկետը մեկ տարի է:

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը ներկայացված 56 հայտերից ընտրել է 4 թեմա. 20-րդ դարի Հայոց պատմությունը վերաիմաստավորելու են 4 գիտական թիմերը՝ ընդհանուր առմամբ 8 մասնագետներով:

Մասնագետների առաջին՝ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի հնագետների թիմը, գնալու է դեպի 1919-ի իրադարձություններ: Վարդենիս, հայ-թաթարական, հայ-ադրբեջանական բախումներ, Զոդի օպերացիա: Իրենց հետազոտությամբ խնդիր է դրվում հնագիտական մեթոդները զուգադրել պատմական տվյալների հետ: Հնագետ Արսեն Բոբոխյանի թիմը կենտրոնանալու է պեղումների ու դաշտային հետախուզության վրա: Հիմքում 5 տարի առաջ արված պեղումներն են Սոթքում՝ ուշագրավ բացահայտումներով:  «Երբ պեղում էինք Սոթքի տարածքում մի հուշարձան, հայտնաբերվեցին մարդկային ոսկորներ: Հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք կապ ունեն 1919-ի իրադարձությունների հետ»,-պատմում է հնագետը, նշելով, որ խոսքը մի քանի մարդու ոսկորների մասին է, որոնք կոտրված են եղել, և, ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ կապ են ունեցել բախումների հետ. «Մեր խնդիրն է իդենտիֆիկացնել պատմական իրադարձությունը հնագիտականի հետ: Մարդկային մնացորդները գենետիկ անալիզի ենթարկել, որոշել պատկանելիությունը»,-նշել է Արսեն Բոբոխյանը:

Մյուս թիմում արևելագետներն են՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ: Նա և իր նախկին սաներից մեկը խնդիր են դրել ամբողջությամբ ուսումնասիրել Թուրքիայից հայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան ու բացահայտել 1920-ից 1980-ակաների անհայտ դրվագները: «Թեման ուսումնասիրելու ենք տարբեր կողմերից՝ քաղաքական, մշակութային, Ցեղասպանության հիշողությանը վերաբերող դրվագները»,– տեղեկացնում է Ռուբեն Մելքոնյանը: Արևեկագետները մտադիր են հետազոտել արխիվային բոլոր հնարավոր փաստաթղթերը՝ Խորհրդային Հայաստանի, Արտգործնախարարության, հիմք են ընդունելու գրավոր ու բանավոր հիշողությունները, ներգաղթածների սերունդների հարցազրույցները: Ուսումնասիրության կարևոր հատվածներից մեկը վերաբերելու է ներգաղթածների սերունդներին:

Երրորդ թիմը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Միհրան Գալստյանը, և կենտրոնանալու են հայկական սփյուռքի հայրենադարձման խնդիրների վրա: Խմբում ընդգրկված մասնագետներից մեկը Միլանի, մյուսը Քլերմոնտի համալասարանից է: Փորձելու են ամբողջությամբ ուսումնասիրել բազմաշերտ Սփյուռքն, ու հասկանալ՝ որքանով են պատրաստ սփյուռքահայերը վերադառնալ Հայաստան: Կպարզեն նաև վերադաձի հնարավորությունները, հարցումներ կարվեն ոչ միայն հայկական համայնքներում, այլև վերջին 5 տարում Հայաստան վերադարձածների հետ: «Պետք է հասկանանք մեթոդները, որոնք հիմա Հայաստանում ընտրված են: Հասկանանք՝ հայրենադարձության համար ներգրավվող միջոցները, ռեսուրսները որքանով են արդյունավետ»,-նշում է Միհրան Գալստյանը:

Եվ չորրորդ հաղթողը Ամստերդամի համալսարանի ասպիրանտ է՝ Նաիրա Սահակյանը: Նա էլ առաջ է քաշում Փլուզված կայսրությունների, խորհրդայնացված երազանքների թեման: Նաիրա Սահակյանը ուսումնասիրելու է 1917-ի հեղափոխության վերաբերյալ հայ մտավորականների պատկերացումները: «Բացահայտելու շատ բան կա: Նաև փորձելու եմ գտնել հարցի պատասխանը, թե հայ մտավորականները կողմ էին հեղափոխությանը, որովհետև գաղափա՞րն էր հարազատ, թե կողմ էին, որովհետև  հարկադրված էին»,- հայտնում է ասպիրանտը: Նաիրա Սահակյանը  համաշխարհային արխիվներից օգտնվելու մեծ հնարավորություն ունի. Ամստերդամի համալսարանում այս պահին դոկտորականի վրա աշխատող հայուհու առջև բաց են տարբեր հաստատությունների արխիվները:

Բոլոր հետազոտությունները պետք է ավարտվեն մեկ տարում: Կներկայացվեն վերլուծության ու գրքի տեսքով: