Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն առաջիկայում կներկայացնի Շուշիի պատկերասրահում մնացած բացառիկ գործերը

Dec 3

Արցախյան 3-րդ պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցավ նաև Շուշին: Քաղաքի կերպարվեստի պետական թանգարանի ամբողջ հավաքածուն ևս մնացել է այնտեղ, ավելին՝ մինչև այսօր դեռ հստակ չէ պատկերասրահի հավաքածուի ապագան:

Թանգարանի գաղափարի հեղինակն է արմատներով շուշեցի, մոսկվաբնակ երկրաբան Գրիգոր Գաբրիելյանցը: 2010 թվականին նրա ու Արցախի ղեկավարության  ջանքերով էլ հենց քաղաքի կենտրոնում բացում են թանգարան: Երկրաբանը միանգամից նվիրաբերում է իր արվեստի գործերի հարուստ հավաքածուն: 3 տարվա ընթացքում Գաբրիելյանցի նախաձեռնությամբ հավաքագրվել է թանգարանի ֆոնդը՝ բացառապես արվեստագետների և հավաքորդների նվիրատվություններից: 2013 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Շուշի քաղաքում տեղի ունեցավ Կերպարվեստի պետական թանգարանի բացումը։ Թանգարանը տեղակայված էր Շուշիի հին կառույցներից մեկի՝ նախկին իջևանատան վերականգնված և վերակառուցված շենքում:

Այստեղ են ցուցադրվել նաև հայ և արտասահմանցի նկարիչների գործերը, Հայաստանի նկարիչների միությունը ևս փոխանցել է իր ֆոնդերում պահպանվող գործերից: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը թանգարանին  էր նվիրաբերել Հակոբ Կոջոյանի, Հակոբ Հակոբյանի, Լուսիկ Ագուլեցու ուշագրավ պատկերներից: Այս թանգրանի նպատակն էր սերունդներին փոխանցել հայրենի արվեստագետների ոգին, գույններն ու շունչը: Բարձր ժայռին թիկնած Շուշիում այցելուն  հնարավորություն ուներ հիանալ Սարյանի, Կուզնեցովի, Գալենցի, Մինասի, Նիկողոսյանի, Կալենցի գործերով, ինչպես նաև հենց արցախցի նկարիչների գեղանկարներով:

Առաջիկայում Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը կներկայացնենի, թե արվեստի ինչ բացառիկ  գործեր են մնացել թանգարանում՝ հեղինակի, աշխատանքի ստեղծման տարեթվի, ինչպես նաև ով է այն նվիրել թանգարանին: