Ուղիղ 100 տարի առաջ Սոթքում հայ-ադրբեջանական բախումներ էին. «Հասրաթյան֊Միանսյան» հիմնադրամը շուտով կներկայացնի բացառիկ աշխատություն

Nov 27

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի Մինասյան կենտրոնը 2019 թվականին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման դրամաշնորհային մրցույթ։ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի հաղթողներից ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանը և Ավետիս Գրիգորյանը հետազոտում են 1919 թվականի տեղի ունեցած «Զոդ» օպերացիան և այդ տարիների հայ-ադրբեջանական բախումները։ Հիմա աշխատում են գրքի վրա, որտեղ տեղ են գտել բացառիկ ուսումնասիրություններ, որոնք մինչև այսօր գրեթե չեն բարձրաձայնվել, առավել ևս՝ ուսումնասիրվել։

20-րդ դարի Հայոց պատմությունը վերաիմաստավորելու նպատակով, հնագիտության ու ազգագրության ինստիտուտի հնագետների թիմը, գնալու է դեպի 1919-ի իրադարձություններ: Վարդենիս, հայ-թաթարական, հայ-ադրբեջանական բախումներ, «Զոդի օպերացիա»: Իրենց հետազոտությամբ խնդիր է դրվում հնագիտական մեթոդները զուգադրել պատմական տվյալների հետ: Հնագետ Արսեն Բոբոխյանի թիմը կենտրոնանացել է պեղումների ու դաշտային հետախուզության վրա: Հիմքում 5 տարի առաջ արված պեղումներն են՝ ուշագրավ բացահայտումներով.

«Երբ պեղում էինք Սոթքը, մի հուշարձան հայտնաբերվեցինք և հարևանությամբ մարդու ոսկորներ: Հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք կապ ունեն 1919-ի իրադարձությունների հետ»,-պատմում է հնագետը, նշելով, որ խոսքը մի քանի մարդու ոսկորների մասին է, որոնք կոտրված են եղել, և, ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ կապ են ունեցել հենց բախումների հետ. «Մեր խնդիրն է իդենտիֆիկացնել պատմական իրադարձությունը հնագիտականի հետ: Մարդկային մնացորդները գենետիկ անալիզի ենթարկել, որոշել պատկանելիությունը»,- նշում է Բոբոխյանը:

Հնագիտական արշավախմբի անդամ, պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանի խոսքով, այս նյութերը կարող են նորովի լույս սփռել առաջին հանրապետության պատմության մութ էջերի վրա. «Այս ամենը կարող է դառնալ թուրքերի Հայոց ցեղասպանության քաղաքականությունը հաստատող կարևոր փաստարկներից մեկը: Այս պեղումների արդյունքում բացված եղբայրական գերեզմանը կարող է նոր լույս սփռել Հայաստանի առաջին հանրապետության պատմության մութ էջերի վրա»:

Ամրոցը գտնվել է Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին: Այնտեղ դեռ խորհրդային շրջանում պահպանված են եղել խաչքարեր, հայկական գերեզմաններ, որոնց հետքերը տեղի թուրքալեզու բնակիչները հասցրել են ոչնչացնել: Ամրոցը երեք կողմից անառիկ է և միայն հյուսիսից մուտք ունի, որտեղ այս տարի բացվել է եղբայրական գերեզման:

Արսեն Բոբխյանի խոսքով, իրենք մոտ են պատմական մի կարևոր փաստի բացահայտմանը, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականների Հայաստանի հանրապետության քաղաքական կյանքում. «Խոսքը 1919 թվականի փետրվարի եղեռնագործության մասին է: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի հանրապետության կառավարությունը զորք է ուղարկում Նոր Բայազետ գավառի Բասարգեչարի շրջան՝ տեղի թուրքալեզու բնակչությանը խաղաղեցնելու նպատակով: Զորախումբը գլխավորում է հայ անվանի զինվորական Մովսես Սիլիկյանի ազգական Արշակ Սիլիկյանը»։

Հնագետների պեղած ոսկորները պատկանում են երիտասարդ տարիքի տղամարդկանց: Չի բացառվում, որ հայտնաբերվել են սպանված հայ զինվորների մարմիններ։ Անկախ Հայաստանի հռչակումից հետո էլ այս փաստի բացահայտման շուրջ լուրջ աշխատանք գրեթե չի տարվել: «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամ»-ի հատկացրած «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» դրամաշնորհի շրջանակներում և օժանդակությամբ այս աշխատությունը լայն հասարակության համար հասանելի կլինի 2021-ի գարնանը։