Հիմնադրամի աջակցությամբ հայ արվեստագետի գործերը կներկայացվեն Իտալիայում (տեսանյութ)

Aug 11

Հոկտեմբերին «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի աջակցությամբ երիտասարդ նկարիչ Արշակ Սարգսյանի գործերը 3 ամիս կցուցադրվեն Հռոմի «Բառոկի» թանգարանում։

 

Արշակ Սարգսյանը վերջին մեկ տարին պատրաստվում է Իտալիայում իր առաջին անհատական ցուցահանդեսին։ Մի քիչ ձգձգվեց կորոնավիրուսի պատճառով, թեև արդեն օրը հստակ է՝ հոկտեմբերի 9-ին է։ Վայրը, որտեղ պետք է ցուցադրվեն Արշակի աշխատանքները, մշակութային կարևորագույն կենտրոն է համարվում ամբողջ Եվրոպայում, այն Հռոմի «Բառոկի» թանգարանն է։

 

Երբ Հայաստանում Իտալիայի դեսպանատունն առաջարկեց աշխատանքներս ներկայացնել Հռոմում, տեղեկացրեցին, որ հարկավոր է գլխավոր հովանավոր, իսկ դեսպանատունը կարող էր աջակցել միայն իտալացի արվեստագետի։ Ու քանի որ լսել էի Հասրաթյան֊Մինասյան հիմնադրամի մասին, գիտեի, որ աջակցում, քաջալերում են երիտասարդ ստեղծագործողներին, դիմեցի իրենց։ Ծանոթացան իմ նախագծին եւ արագ արձագանքեցին։ Պատասխանեցին, որ կօգնեն իմ աշխատանքները ներկայացնել հեղինակավոր թանգարանում,-ասաց Արշակը

 

Արշակը, իր խոսքով, նկարիչ չդառնալու այլընտրանք էլ չուներ։ Արվեստագետի ընտանիքում ծնված երեխան պետք է սկզբում գույների հետ խաղար, հետո խոսեր գույներով։ Սկսում է նկարել դեռ փոքրուց։ Արդեն 15 տարեկանում առաջին անհատական ցուցահանդեսն է ունենում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Հետո կրթությունը շարունակում է արտասահմանում՝ Մեծ Բրիտանիայում եւ Կիպրոսում։ Այժմ ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում, ձոր ձգվող տեսարանով երևանյան իր արվեստանոցում, որտեղ միայն ինքն է, վրձինը, կտավն ու գույների անծայրածիր աշխարհը։ Երբ կտավի դիմաց է, պետք է միայնակ լինի՝ միշտ է այդպես ստեղծագործել։

 

 

Ստեղծագործում եմ ֆիգուրատիվ նկարչության ոճում, իմ նկարչությունը բազմաֆիգուրատիվ է։ Նաև անում եմ գունավոր ժամանակակից քանդակներ, կտորից քանդակներ, գծանկարներ։ Ստեղծագործում եմ արդեն 20 տարի, ունեցել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ, 2001֊ին Կիպրոսում տեղի ունեցավ անհատական ցուցահանդեսս, հետո արդեն Լոնդոնում, Մոսկվայում Գերմանիայում, Նյու Յորքում, Պրահայում,- պատմում է Արշակը։

 

Իր ցուցահանդեսների քարտեզին, «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի շնորհիվ, կավելանա նաև Իտալիան, որտեղ «Բառոկի» թանգարանում արվեստագետի գործերը կցուցադրվեն երեք ամիս շարունակ։ Աշխատանքները շատ են, պարզապես փոքր ցուցասրահի պատճառով ընտրել է առավել կարևորներից 40-ը՝ 15 յուղաներկ, որից 6-ը մոնումենտալ գործեր են, 20-ը՝ գծանկար։

 

Արշակն այս առիթով նկատում է. – Շատ ողջունելի է նման հիմնադրամի գոյությունը մեր երկրում, նրանց աջակցությամբ երիտասարդ արվեստագետների կարողանում են ներկայացնել իրենց գործերը հանրությանը և զարգանալ։ Վստահ եմ, որ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը դեռ շատ արվեստագետների է աջակցելու։

 

Իտալիաական ցուցահանդեսի համար Արշակն ընտրել է մեր ժամանակների համար չափազանց ազդեցիկ և ինչպես ինքն է նկատում, նաև ակտուալ և խոսուն անվանում. «Հրեշտակներ եւ հրեշներ»։