Թուրքիայից հայերի ներգաղթի թեման՝ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)

Aug 24

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի Մինասյան կենտրոնը 2019 թվականին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման ծրագիր։ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի հաղթողներից է թուրքագետ Նաիրա Պողոսյան, որի հետազոտությունը ներառում է 1920-1980-ականներին Թուրքիայից հայերի ներգաղթը դեպի Խորհրդային Հայաստան։ Հետազոտությունը պատրաստ կլինի 2021 թվականի մարտին։ Մինչև այդ Նաիրա Պողոսյանը ներկայացրել է աշխատանքի ընթացքը։  

«Մեզ հաջողվել է գտնել բավականին հետաքրքիր նյութեր, որոնց մեջ ներառել է նաև հարցազրույցներ ներգաղթածների ու նրանց հարազատների հետ։ Փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնազերծվել են վերջին 5-10 տարիներին և առաջին անգամ են դրվելու շրջանառության մեջ»,- պատմում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստետնտ Նաիրա Պողոսյանը։

Նաիրան ուսումնասիրել է Խորհրդային Հայաստանում ներգաղթի կազմակերպման գործընթացը։ Գրքում կներկայացնի Թուրքիայում հայերի արտագաղթի վերաբերյալ ընկալումները։ Արխիվներից հավաքագրել է բազմաթիվ փաստաթղթեր։ Ըստ գիտնականի, հայերի ներգաղթի ամենամեծ ալիքը եղել է 1946-1948 թվականներին։

«Առհասարակ, այդ թվականներին հայերի ներգաղթը Խորհրդային Հայաստանում քիչ ուսումնասիրված է կամ էլ՝ միակողմանի  լուսաբանված։ Ինչ վերաբերում է Թուրքիայից հայերի ներգաղթին, ապա թեման մնացել է ստվերում, որովհետև ներգաղթածների քանակը փոքր է՝ մոտ հազար մարդ։ Բացի այդ, Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պատճառով թեման մնացել է մշուշոտ»։

Թուրքայից Հայաստան, ինքնության խնդիրներ ու պատմական գաղտնի փաստաթղթերը ՝ հենց սրանք էլ դարձել են դրամաշնորհային ծրագրի առանցքը։ Նաիրա Պողոսյանի խոսքով, չնայած համավարակով պայմանավորված սահմափանակումներին, հետազոտության ժամանակացույցը չի փոխվել և նախատեսված ժամկետին աշխատանքը կներկայացվի լայն հանրությանը։