Սոթքի համար պատերազմը եղել է դեռևս 1919-ին. Նոր հետազոտությունը կհրապարակվի 2021-ին

Dec 17

Շուտով պատրաստ կլինի «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամ»-ի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» թեմայով պատմագիտական 4 հետազոտություն: Մեկ տարի շարունակ հնագետներից, պատմաբաններից, սոցիոլոգներից բաղկացած թիմերը ուսումնասիրել են թեմաները, արխիվներում ու դեպքի վայրերում պեղել, գտել են մինչև հիմա չբարձրաձայնված տեղեկություններ: Դրանք հետազոտական ու պատմաբանական բացառիկ նյութեր են, որոնք կներկայացվեն 2021-ին: 4 հետազոտություններից մեկը պատմում է Սոթքի հանքավայրի համար հայ-ադրբեջանական կռիվներին և Զոդ օպերացիային:

Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի հնագետների թիմի դիտակետում է 1919-ի իրադարձությունները՝ Վարդենիս, հայ-թաթարական, հայ-ադրբեջանական բախումներ, Զոդի օպերացիա: Իրենց հետազոտությամբ խնդիր էր դրվել հնագիտական մեթոդները զուգադրել պատմական տվյալների հետ:

Հնագետ Արսեն Բոբոխյանի խոսքով, սա ամենափայլուն օպերացիաներից մեկն է: Այդ թվականին, Բասարգեչարի՝ այժմյան Վարդենիսի շրջանի թյուրքալեզու բնակչությունը կոնֆլիկտներ էր հրահրում հայերի դեմ: 1919 թվականի փետրվարին՝ Հայաստանի կառավարությունը զորք է ուղարկում այդ օրերի Բասարգեչարի շրջան՝ տեղի թյուրքալեզու բնակչությանը խաղաղեցնելու նպատակով:

Բոբոխյանը նկատում է՝ զորախումբը գլխավորում էր հայ անվանի զինվորական Մովսես Սիլիկյանի ազգական Արշակ Սիլիկյանը: Փետրվարի 20-ի գիշերը թուրքերն իրենց տներում հյուրընկալում են հայ զինվորականերին. «Հայկական զորքերի հրամանատարները 1919-ի փետրվարին բանակցում են տեղի բեկերի հետ, սակայն վերջինները դավադրություն են կազմակերպում եվ սպանում հայկական զորքերին»:

Փետրվարի 27-ին Վարդենիսի այդ հատվածում, նաև Սոթքում անիշխանություն էր տիրում: 1919-ի ապրիլի 14-ին Հայաստանի կառավարությունն իրագործում է պատմության մեջ ամենափայլուն օպերացիան, Զոդի օպերացիան: Նպատակն էր՝ վնասազերծել անիշխանական թյուրքախոս տարրերին, որոնք ուզում էին միանալ Ադրբեջանին՝ հավելում է հնագետը. ,Զոդի օպերացիան սկզբից խաղաղ ձեվով է իրականացվել՝զուռնա դհոլով, երգով ու պարով: Սակայն, երբ հակառակորդը կրակ է արձակում, հայկական ոստիկանական ջոկատները ջախջախում են հակառակորդին: Հայկական կողմին է անցնում նաև Սոթքըե:

Հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանի և գիտաշխատող Ավետիս Գրիգորյանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե մի քիչ հապաղեր այդ օպերացիան, Գեղարքունիքի այդ հատվածը, նաև Սոթքը գուցե չընդգրկվեր Խորհդրդային Հայաստանի կազմում: «Հայ-ադրբեջանական բախումների վայրերում իրականացվել են հնագիտական աշխատանքներ: Ուսումնասիրությունների ծավալն ընդգրկում է Սոթքի շրջանը, Վարդենիսը, Սոթքի ոսկու հանքերն ու Քարվաճառը: Սոթքը Մեծ հայքի մի մասն է եղել, նույնիսկ 5-րդ դարի փաստաթղթերում հայկական պատկանելիության մասին է խոսվում Սոթք-1 բնակավայրի պեղումը ցույց է տվել, որ վաղ միջնադարյան հուշարձանի վերին շերտերում աճյուններ կան»:

Պեղման ընթացքում հնագետները պարզել են, որ այդ բլուրը 20-րդ դարում եղել է հայ զինվորականների գերեզմանատունը: Հայտնաբերվել է նաև ամրոց, որը գտնվել է Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին: Այնտեղ դեռ Խորհրդային շրջանում պահպանված էին խաչքարեր, հայկական գերեզմաններ, որոնց հետքերը տեղի թյուրքալեզու բնակիչները հասցրել են ոչնչացնել:

Հնագետներն այժմ պետք է պատմական անցքերն նույնականացնեն հնագիտական ապացույցների հետ, և հաջորդ տարի դրանք ներկայացնեն մեկ աշխատության մեջ: