14.07.2021

Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի մասին գրքով մեկնարկեց Հասրաթյան մատենաշարը (տեսանյութեր, լուսանկարներ)

Այս ապրիլին Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը ներկայացրեց «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքը՝ «Ֆենիքս Դարբինյան»: Հայկական ճարտարապետության ավանգարդը մեկ գրքում հավաքեց ու գրի առավ Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը։ Քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ճարտարապետական խմբի կարևոր դեմքերից մեկը համարվող Դարբինյանի մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 30-ին՝ ճարտարապետի կառուցած «Անի» հյուրանոցում՝ ճարտարապետների ու արվեստի գործիչների մասնակցությամբ: Բացի այդ, ուղիղ մեկ ամիս հատուկ գքրի շնորհանդեսի համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Կարեն Բալյանը Դարբինյանի գործունեությունն ու հայ ճարտարապետության մարտահրավերները ներկայացրեց մի շարք միջոցառումների ընթացքում, որոնք Ձեզ ենք ներկայացնում մեկ հոդվածով:

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի ծրագրերը երկու ուղղություն ունեն: Հասրաթյանական ճյուղն ամեն տարի հրատարակելու է 20-րդ դարի հայկական գեղանկարչությանը կամ ճարտարապետությանը նվիրված մեկ կոնցեպտուալ աշխատություն: Հայկական մոդեռնիզմի սերնդին պատկանող ճարտարապետ Ֆենիքս Դարնիյանին նվիրված մենագրությունն առաջինն է: Շնորհանդեսի օրը Բալյանը ներկայացրեց մեծ ճարտարապետի ստեղծագործական ուղին, որը սկսվել է ուսանողական փոքր նախագծից և ավարտվել Երևանը գեղեցկացնող Մեծ շատրվանի կառուցմամբ։ Ֆենիքս Դարբինյանի մյուս հայտնի աշխատանքը 50 տարի առաջ Երևանի սրտում կառուցված «Անի» հյուրանոցն է:

 

Ֆենիքս Դարբինյանի վախճանից հետո պրոֆեսոր Կարեն Բալյանը հրապարակեց «Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» վերնագրով հոդվածը: Այն Վարպետի վերջին խոշոր ստեղծագործության՝ Խանջյան փողոցի պուրակի Մեծ գեղարվեստական շատրվանի մասին էր։ Հենց այդ գլխագիրն էլ դարձավ գրքի վերնագիր: Ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր Կարեն Բալյանի խոսքով, այն, ինչ անցել էր Ֆենիքս Դարբինյանի ձեռքի տակով, գրեթե ոչինչ չի պահպանվել. «Կարծես աղետ է անցել քաղաքի ու նրա գործերի վրայով։ Քիչ թե շատ լավ վիճակում շատրվանն է, արձանները, բայց ֆանտաստիկ «Փարվանան» չկա։ Երկաթ բետոնից թեթև սլացիկ բաներ էր ստեղծում, որը այդ ժամանակաշրջանի համար բացառիկ գործեր էին»:

Նրա առաջին բարձրահարկը «Անի» հյուրանոցն էր, վերջինը՝ Մետրոպոլիտենի վարչության շենքը։ 1960-ականների ազգային զարթոնքի շնորհիվ ծնվեց հայկական ճարտարապետության ավանգարդը: Ֆենիքս Դարբինյանի շատ աշխատանքներ չեն պահպանվել, բայց նրա ձեռագիրը կարելի է տեսնել Երևանում՝ ամենուր: 1950-ականների սկզբին Երևանի ծայրամաս համարվող Կիևյանը մի քանի տարում դարձավ կենտրոնական փողոց։ Կիևյանի նախագծմանը մասնակցել է Ֆենիքս Դարբինյանը: Նրա ձեռագիրը կարելի է տեսնել նաև 70 տարի առաջ կառուցված Փակ շուկայի ֆասադին։ ճարտարապետի յուրահատուկ ստորագրությունը դաջված է նրա բոլոր աշխատանքների վրա՝ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում պատմեց Կարեն Բալյանը. «Քաղաքին ուրախություն պարգևող ճարտարապետը ինտրիգների մեջ չկար, լուսավոր էր։ Աբովյանը, Օղակաձև այգին թեթև էր, փայլուն նկարչական հնարավորություններ ուներ»:

Newmag-ի հրատարակած Երևանին ուրախություն պարգևած ճարտարապետի մասին պատմող գիրքը հասավ նաև Գյումրի: Ֆենքիս Դարբինյանին նվիրված մենագրության հեղինակ Կարեն Բալյանն իր ծավալուն աշխատության մասին պատմեց ծննդավայրում՝ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներին և դասախոսներին, ովքեր հետաքրքրված էին մոդեռնիզմով ու ունեին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանեց ճարտարապետ Բալյանը:

Պրոֆեսոր Կարեն Բալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ նաև Երևանի ճարտարապետական դիմագիծը, զարգացման հեռանկարներն ու հայկական ճարտարապետության հիմնախնդիրները թեմայով մասնագիտական զրույց: Քննարկմանը ներկա էին ոլորտի մասնագետները, զրույցի թեման վերաբերում էր ճարտարապետության ապագայի կոնցեպտին, որը հիմնված է անցյալի ժառանգության վրա։

Վաստակավոր ճարտարապետ Դարբինյանը Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի «Նախագիծ-2750» ծրագրի առանցքային իրագործողներից էր՝ ընդգծում է Կարեն Բալյանը. «Ինձ համար սիմվոլիկ բան կա այստեղ, Հասրաթյանը մի մարդ էր, որի երազանքներն ավելի շատ էին, քան հնարավոր էր իրականացնել, բայց մի մարդ կար, որն ամեն դեպքում կարողացավ ամբողջ Երևանը ռեկոնստրուկցիայի ենթարկել և ստեղծել այդ ազատ դեմոկրատականը»: Ժամանակակից ձևերը պետք է խոսեն հայերեն։ Սա ճարտարապետների զրույցի հիմնական ուղերձն էր։

Ֆենիքս Դարիբինյանի մենագրությունը ներկայացվեց նաև հայ ճարտարապետության մոդեռնիզմին նվիրված երեկոյին, որը կազմակերպել էին էպիգրաֆն ու հեղինակավոր TATLIN հրատարակչությունը։ Ելույթով հանդես եկավ նաև պրոֆեսոր Կարեն Բալյանը։ Նա ներկայացրեց իր հեղինակած «Ֆենիքս Դարբինյան» մենագրությունը։ Ըստ նրա , գրքում ամփոփվել են բազմաթիվ շինություններ, որոնք կարող էին դառնալ ժամանակակից հայ ճարտարապետության մոդեռնիզմի լավագույն օրինակներ, բայց որոնք չեն պահպանվել կամ քանդման եզրին են: «Սա մեր վերաբերմունքն է ոչ միայն անցյալի, այլև ապագայի նկատմամբ. Երկիրը որոշել է քանդի դրանք։ Մեր խորհրդանիշներն են, մեզ դրանով են ճանաչելու, այս բարձրահարկ շենքերը ոչ է առանձին աշխատություններում: Մենք ունենք մարզադաշտ, որը կարող է մտնել համաշխարհային ճարտարապետական կառույցների շարքի մեջ, մենք ուզում ենք դա քանդել, ստանդարտ մի տխուր սովորական բանով փոխարինել։ Սա դրենաժային սիստեմ ուներ, այսինքն՝ ջուրը մի կողմից հեշտությամբ գնում էր, դաշտեր կան, որ ջուրը լցվում է, դառնում է լճակ, իսկ երբ որ չոր էր, հակառակ սիստեմն էր, ջուր էր դուրս գալիս, ջրվում էր»:

Հայկական ճարտարապետության լավագույն օրինակները պահպանելը մեր պարտք է ու պարտականությունը: Հենց այդ խնդիրն է առաջ քաշում նաև Կարեն Բալյանի վերջին՝ «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունը։ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակված գրքում ներկայացված են վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի բացառիկ գործերը, որոնցից շատերը, ցավոք, մնացել են լուսանկարներում ու երևանցիների հուշերում: Շուտով նաև պատրաստ կլինի Հասրաթյան մատենաշարի 2-րդ մենագրությունը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի մասին: