06.04.2021

Էդիկ Պողոսյանն իր «Վարդերը ներսում» գործը նվիրել է Արցախյան 3-րդ պատերազմի զոհերին, անհետ կորածներին (տեսանյութ)

Էդիկ Պողոսյանը Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Առերեսում» ծրագրի դափնեկիրներից է: Նրա քաղաքային ֆոլկլորի գաղափարը ժյուրին գնահատեց, և նա անցավ գործի: Պետք է ամիսների ընթացքում փնտրեր նոր բակեր, նոր բառեր ու հորիներ մի նոր պոեզիա: Գործը նվիրել է Արցախյան պատերազմի զոհերին, մասնակիցներին ու վերնագրել՝ «Վարդերը ներսում»:

Հենց ազատ ժամանակ է գտնում՝ շրջում է փողոցներում, մտնում ամենախուլ թաղամասերի մեծ ու փոքր բակեր ու աչքով փնտրում, հետո անմահացնում այն բառն ու գիրը, որը գուցե մի օր կդառնա հերթական պոեզիայի ամենակարևոր միքտը: Ամեն բառ չէ, որ կարող է արժանանալ մատի հպումին ու անմահանալ` ասում է արվեստագետը. «Հավերժացնում եմ բառն ու խոսքն ինչպես որ կա, երբեմն կարող է մի մասը լուսանկարեմ, քանի որ հենց դա է պետք: Լոզունգներից խուսափում եմ: Շրջում եմ հիմնականում խուլ ու մոռացված բակերով, այդտեղ կարելի է գտնել անձեռակերտ բառեր»:

Որոշել էր՝ ուրբան պոեզիայի թեման քաղաքական է լինելու, սակայն սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց Արցախյան 3-րդ պատերազմը, արվեստագետի միտքն ու ականջը դեպի երիտասարդ զոհերն էին, որդեկորույս մայրերը: Ու հենց այդ ժամանակ էլ նա փողոցներում հավերժացրեց հենց այդ թեմային հարազատ բառերն ու կապակցությունները.«Հրաժարվեցի բոլոր այն բառերից, որոնք արդեն գտել ու լուսանկարել էի: Քանի որ ցանկանում էի ուրիշ բառերով շարադրել միտքս»:

Պատերազամի ամբողջ ընթացքում Էդիկ Պողոսյանն իր պոեզիայի բառերն էր հավերժացնում ամենուր, վերջին մեկ ամիսը փնտրում էր ընդամենը մեկ միտք, որ ծնվեր Վարդերը ներսում կոչվող պոեզիան: Ու նա գտավ. «Աշխատանքը ձջվեց 3-4 ամիս: Վերջացրել էի, պոեզիան արդեն պատրաստ էր ու մոտ մեկ ամիս մի բառ էի փնտրում, գտա: «Ուշա…» Սա ամբողջացրեց այն միտքը, որն ուզում էի արտահայտել գործում»:

Պատերին արված գրաֆիտիների, հայտարարությունների, ձեռագիր գրությունների բառերն ու կապակցությունները հիմա մեկտեղվել են մեկ րոպեի մեջ, հնչում է արվեստագետի ձայնով ու հոգուց, որը նվիրված է Արցախյան պատերազմի զոհերին, մասնակիցներին, որդեկորույս մայրերին, անհետ կորածներին: