25.09.2019

Լուսինը, ընկած երկնքից , Գրիգոր Մուրադյան

Նախագծի կոնցեպտ

«Լուսինը, ընկած երկնքից» աշխատանքը իրենից ներկայացնում է բազմաէկրանանոց վիդեոինստալյացիա:

Նախագծի վերնագիրը հղում է անում հին Խեթական առասպելին, որի իմաստը աստվածների ինքնազոհաբերությունն է մարդկանց համար: Այս կրկնվող թեման Հայկական բարձրավանդակում անհիշելի ժամանակներից սկսած, հայտնի մեռնող և հարություն առնող Արա աստծո պաշտամունքից մինչև քրիստոնեություն, հանդես է գալիս որպես հիշեցում կյանքի կարևորության և պահպանման, մահվան յուրօրինակ հաղթահարում, ինչը նաև արվեստի կարևորագույն առաքելությունն է: «Լուսինը, ընկած երկնքից» նախագծի մեջ ներկայացվում է՝ իբրև ժամանակակից մարդու անհատականության և հասարակական պատկերացումների ճգնաժամ կամ հակամարտություն:

«Lուսինը, ընկած երկնքից» նախագծի պատկերաշարի մեջ գլխավորապես ներկայացվելու է արվեստագետի մարմնի և ջրի, օդի և խոսքի, մակերեսի և հարվածից առաջացող ֆակտուրայի փոխհարաբերությունը, իբրև հանրային կյանքում քաղաքական ներկայության և փիլիսոփայական ընկալման զուգորդություն ներկա հայաստանյան կոնտեկստում:

Գրիգոր Մուրադյանը ծնվել է 1996թ. ապրիլի 21-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 2002-2014թթ. սովորել է տեղի N4 դպրոցում: 2014-2016թթ. ծառայել է ՊԲ զինված ուժերում, արժանացել է Քաջարի մարտիկ կրծքանշանի և 2016թ-ի Քառօրյա պատերազմի մասնակցության համար արժանացել է Անդրանիկ Օզանյան մեդալի: Ներկայումս, 2017թ-ից ուսանում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Մասնակցել է մի շարք փառատոների և ցուցահանդեսների. «Վերածնունդ» մշակութային հիմնադրամի կողմից հայտարարված քաղաքային քանդակի միջազգային մրցույթ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն, «Ազատության գույներ», ՀԲԸՄ ցուցասրահ, Երևան, 2019։