23.02.2021

Միքայել Մինասյան. Հասարակական-քաղաքական ապատիան որպես կանոն դառնում է քաղաքական բռնկում

Ձեզ ենք ներկայացնում փիլիսոփա, միջազգայնագետ-պատմաբան Միքայել Մինասյանի «Քաղաքական լիդեր»աշխատությունից մի հատված: 2000 թվականին տպագրված նրա պատմաքաղաքագիտական-հրապարակախոսական մտորումները չափազանց արդիական են: Փիլիսոփայական գիտությունների դոկտորն անդրադարձել է հասարակական-քաղաքական հարաբերություններում քաղաքական լիդերի ունեցած տեղի, գործառույթներին՝ տեսական և գործնական վերլուծություններով: Ըստ նրա, քաղաքական լիդերը հասարակության սոցիալ-քաղաքական կյանքի վճռորոշ դեր ունեցող ֆենոմեն է:

Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նաև նրա քաղաքական լիդերների պատմությունն է: Նշանավոր լիդերներով են որոշվում պատմական ժամանակաշրջանները: Նրանցով են գաղափար կազմում ազգի ձգտումների, կարողությունների վերաբերյալ: Առանց լիդերի կույր է ժողովրդի քաղաքական առաջադիմությունը:

Ամենուրեք անխուսափելի է եղել կոնֆլիկտը քանակի և որակի միջև: Խոսքն այստեղ վերաբերում է քաղաքականությանը, քաղաքական զարգացումներին մասսաների մասնակցությանը:

Ոչ խումբ է երևում, ոչ անհատ: Հաճախ մարդը ոչ միայն դրսից է դառնում զանգվածի մասնիկ, այլև ինքն է ձգտում դրան, համահարթվել, չերևալ: Այս պարագայում անհատի մեջ քաղաքական զարգացումները չեն ընթանում կանոնավոր հունով, փոփոխությունները կարող են կրել պաթոլոգիկ բնույթ՝ հանգեցնելով քաղաքական ինքնաօտարացման և քաղաքական ներքին ապանձնավորման: Հաշմվում է անհատի քաղաքական-բարոյական էությունը:

Քաղաքականացված զանգվածը չի կարող իր տեղն ու դերը գնահատել քաղաքական միջավայրում, քաղաքական կոնկրետ փոխհարաբերություններում և իրավիճակներում: Զանգվածն իր առաջ խնդիր չի էլ դնում դրսևորել վերլուծական միտք, մտածողություն, քաղաքական որոշումների ընդունման համար պատասխանատվություն: Շատ-շատերը նույնիսկ չունեն տարրական ըմբռնում սեփական քաղաքական շահերի վերաբերյալ:

Վերջինում իր վճռորոշ դերն է կատարում մարդկանց աղքատությունը, նրանց ստամոքսի ստրուկների վերածումը, միայն այս ոլորտով նրանց մտածելակերպի, դատողությունների սահմանափակումը:

Նրանք հաճախ ոչ միայն անընդունակ են պայքարելու իրենց ամենատարրական սոցիալ-քաղաքական իրավունքների, այլև բարոյապես օժանդակելու հենց իրենց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ անհատների համար:

Այս պայմաններում շարունակական է դառնում քաղաքական ներքին ստրկությունը, ստրկամտությունը, հոգևոր-բարոյական, անկախության, քաղաքական արժանապատվության խիստ պակաս ներկայությունը: Մասսայի բարոյաքաղաքական, սոցիալական բռնաբարվածությունն այնպիսի վիճակում է, որ յուրաքանչյուր նոր բռնաբարում ոչ միայն չի զգում, այլև մշտական թմբիրի տակ է: Առկա է հասարակական -քաղաքական ապատիա, որը սակայն որպես կանոն դառնում է քաղաքական բռնկում:

Տվյալ վիճակում զանգվածը կարող է գործել ենթագիտակցականի մակարդակում, բնազդների թելադրանքով: Դրսևորվում է տարերային, օրինաչափություններին անհարիր վարքագիծ:
Ամբոխված ժողովուրդը հատվածված է, խելահեղված ամբողջություն, որը քաղաքական հստակ նպատակ չի կարող ունենալ և չի ճանաչում քաղաքական հոսքերը: Վերջինները նույնպես բաժան-բաժան են, աղճատված: