Քայլող հանրագիտարան, բազմակողմանի գիտելիքներ ամբարած, միշտ արթուն, պրպտող ու խորաթափանց մտքի տեր, համեստ ու ազնիվ՝ գրական ու գիտական աշխարհն այսպես էր բնութագրում պատմաբան, բանասեր Մորուս Հասրաթյանին։ Հասրաթյանը «Հայ ժողովրդի պատմության» դպրոցական առաջին դասագրքի հեղինակներից է։ Նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ։ Ի թիվս շատ պատմական վայրերի պեղումներ է իրականացրել նաև Սիսիանի Անգեղակոթում։ Նա պնդում, ապացուցում ու փաստեր էր ներկայացնում, որ սպարապետ Վարդան Մամիկոնյանը թաղված է հենց այդտեղ։
Որտեղ է թաղված Վարդան Մամիկոնյանը. որոշ մասնագետներ Սպարապետի գերեզմանը փնտրել են Ավարայրի դաշտում, ոմանք` Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ` Կարմիր վանքին կից սրբավայրում, Արագածի լանջերին: Մորուս Հասրաթյանը պնդում էր, որ Վարդան Սպարապետի գերեզմանը Սիսիանի Անգեղակոթում է` Նախիջևան տանող խճուղու եզրին։
Պատմաբանի նշած վայրը դարերով ուխտատեղի է. շրջակայքում` խաչքարեր: Ժայռի տակ Վարդան Զորավոր խոնարհված եկեղեցին է, որը տարիներ շարունակ ամեն առավոտ պարտաճանաչ մաքրում էր գյուղի մի տատիկ: Կան ականատես-բնակիչներ, որոնք ականատես են եղել Հասրաթյանի պեղումներին: Մայուլիս Կարապետյանը 1966-ին ներկա է եղել աշխատանքներին. «Այս վեցանիստը հանվել է պատի տակից: Այս քարերը բոլորը հողի տակ են եղել»:
Մորուս Հասրաթյանը համոզված էր, որ Վարդան Մամիկոնյանի մարմինն ամփոփված է այս սրբավայրի հարավային պատի տակ: Հնագետ-պատմաբանը պնդում էր, որ իր սկսած պեղումները շարունակել է պետք: Ամենածանր գործն արել էր` բացել էր ճանապարհը ժայռաշատ վայրում, գտել գլխավոր արձանի բնորոշող մասերն ու եզրակացրել, որ դա հաստատ 5-րդ դարի է: «Անցած հուլիսին պեղումներ եղան, փլվածքների տակից այս խաչքարերը հանվեցին` 2 հսկայական սալաքարի տակը գերազմաններ էին»,- հիշում է Աշխոտ Պողոսյանը։
Հասրաթյանի պնդումից կես դար անց` 2018-ի հուլիսին, գիտնականի նշած վայրում պեղեցին ու հայտնաբերեցին 6 գերեզման: Մասնագետների նախնական գնահատմամբ, բոլորին թաղել են միաժամանակ։ Ըստ Աշոտ Պողոսյանի, չի բացառվում՝ խոշտանգված վիճակում. «6 կմախք կողք կողքի, մեկի գլուխը բացակայում էր, մյուսի ոսկորները կտրտված, գերեզմաններից մեկը առանձնացված էր»։
Մասունքներն ուղարկվել են Եվրոպա` փորձաքննության. պետք է տրվի մի քանի հարցի պատասխան, նաև՝ որերորդ դարում է կատարվել թաղումը և ինչ տարիքի են մահացածները: