09.09.2020

Հիմնադրամի աջակցությամբ նոր ծրագիր. «Շտկել Երևանի ճարտարապետական շեղումները և աղավաղումները» ծրագիրը

Ամեն ինչ սկսվեց ֆեյսբուքյան մի հանրագրից, երբ Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտը որոշեց պարզել՝ քաղաքացիների կարծիքով որոնք են Երևանի աղավաղված շինությունները: Ի զարմանս թանգարանի, գրառումը մեծ տարածում գտավ սոցիալական ցանցերով՝ հավաքելով բազմաթիվ մեկնաբանություններ:

Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը նկատում է՝ հանրության մեծ ոգևորությունը պատճառ դարձավ, որ թանգարան-ինստիտուտը հայտարարի մրցույթ՝ շտկել Երևանի ճարտարապետության շեղումները և աղավաղումները թեմայով. «Ամբողջ քաղաքի կենտրոնական մասը հիմա աղավաղված է: Տանիքների վրա նոր հարկերով և առաջին հարկի մուտքի մոտ նոր շինություններով: Ամեն մեկն անում է այնքանով , որքանով կբավականացնի գումարն ու ճաշակը»:

Թանգարանն առաջարկում է ճարտարապետական արվեստանոցներին և անկախ ճարտարապետներին ներկայացնել գաղափարներ, դրանք կհավաքվեն և արդեն հոկտեմբերի 20-ին լավագույններ նախագծերը կներկայացվեն հանրությանը՝ նախ կատալոգով, ապա նաև ցուցահանդեսով։

«Մենք առաջարկում ենք գաղափարների մրցույթ, թե ինչպես կարելի է շտկել եղած դրությունը: Հիմնական նպատակն է լինելու ոչ միյան հանրային ուշադրությունը սևեռել այդ աղավաղված կառույցների վրա, այլև մարդկանց ստիպել մտածել, որ հնարավոր են փոփոխություններ, եթե մի քիչ լինենք խիզախ ու մտածենք նորովի։ Չէ՞ որ յուրաքանչյուր գաղափար իր հետ բերում է նոր լուծումներ»,- ասում է Մարկ Գրիգորյանը։

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի աջակցությամբ, քանի որ թանգարան-ինստիտուտը չունի բավարար միջոցներ նման մրցույթ իրականացնելու համար՝ նկատում է Գրիգորյանը. «Ֆոնդը կազմում է 1 մլն դրամից ավելի է: Ես ուզում եմ այսօր տեսնել ճարտարապետների, ովքեր կհավատան, որ իրենց գաղափարները հնարավոր է իրագործել»:

Մարկ Գրիգորյանը հիշում է Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի օրինակը՝ նա վստահորեն իրականացնում էր իր նորարար և համարձակ գաղափարները՝ Շրջանաձև զբոսայգին, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցների շինարարությունները. «Նա կարողացավ Երևանը վերածել մայրաքաղաքի, այն ժամանակ և նույնիսկ հիմա դրանք թվում էին անհավատալի: Բայց նա հավատաց և հաջողությամբ իրագործեց դրանք»:

Հիմա ժամանակն է կյանքի կոչել նոր ծրագրեր, եկել է նոր սերունդ, կան նոր ճարտարապետներ ու նոր գաղափարներ։ Այժմ մնում է նրանց մտքերը վերածել գաղափարների: