09.11.2020

«Պատերազմի ապոթեոզ». պատրաստ է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Ճգնաժամ /Crisis» դրամաշնորհային մրցույթի նախագիծը

2019 թվականին Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարել էր «Ճգնաժամ /Crisis» դրամաշնորհային մրցույթը։
Արվեստագետներ Գոհար Սմոյանն ու Սարգիս Հովհաննիսյանն առաջին դրամաշնորհային մրցույթի հաղթողներից են։ Նրանք իրականացնում են «Պատերազմի ապոթեոզ» նախագիծը։

Աշխատանքը պատրաստ է, սակայն կորոնավիրուսի համավարակի ու արցախյան պատերազմի պատճառով աշխատանքի ցուցադրությունը հետաձգվել է։

Երկու արվեստագետի համատեղ աշխատանքի հիմքում ընկած գաղափարը չափազանց արդիական է մեր օրերում։ Արվեստի դաշտում վաղուց են փորձեր արվում կրակած փամփուշտները վերածելով ծաղիկների կամ զարդերի` «մեղմել» պատերազմական իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, ավելի կարևոր է դեռևս մեկնարկի սպասող ռազմամթերքի գործունեությունը կանխելը՝ նկատում է Գոհարն ու ավելացնում՝ ոչ թե մեղմել, այլ բացառել։

Այս գաղափարը, Գոհարի խոսքով, վերածել են աշխատանքի. «Մեկ տարի առաջ, երբ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն առաջարկեց ճգնաժամի թեման, մտածեցի, որ ամենադաժանը , որ կարող է պատահել երկրի ու աշխարհի հետ, հենց պատերազմն է։ Ապրիլյան պատերազմին մասնակցել է եղբայրս, և միանգամից ճգնաժամ թեմայի շուրջ պատկերացրի պատերազմը, որին բախվել ենք մեր պատմության բոլոր փուլերում»։

Արվեստային նախագիծի համադրող Գոհար Սիմոնյանը գրաֆիկ-նկարիչ է, որը վերջին տասը տարին հետաքրքրված է ժամանակակից արվեստով՝ իր տարբեր արտահայտչամիջոցներով։ Համոզված է՝ արվեստագետը չի կարող անմանս մնալ իր երկրում կատարվող իրադարձություններից։ Եվ եթե մեր երկիրը պատերազմի վտանգի առջև է, ուրեմն ստեղծագործություններն էլ պետք է արտացոլեն ժամանակաշրջանն ու իրադարձությունները։

«Անտանելի թշնամին թվում էր՝ քովիդն է, սակայն համոզվեցինք, որ դարի ամենադաժան թշնամին մեր հարևանն է, որ իրականացնում է էթնիկ ցեղասպանություն»,- ասում է Գոհարը։

Երբ Գոհար իր գաղափարը պատմում էր ընկերոջը՝ Սարգիս Հովհաննիսյանին՝ վստահ էր, որ հենց նա կկարողանա ներկայացնել յուրօրինակ գաղափար։ Այպես էլ եղավ։ Արդյունքում ստեղծվեց պատերազմի նոր ընկալումը. շախմատային տախտակ՝ սև ու կարմիր գույներով, խաղաքարերի փոխարեն՝ պարկուճներ։ «Խաղը չպետք է սկսեն և ոչ մեկ, քանի որ ինչպես էլ խաղաս, տրաքելու է»,- բացատրոմ է Գոհարը։

Գոհարն ու Սուրենն աշխատանքը պետք է ներկայացնեին նախ Երևանում, հետո Գյումրիում, իսկ վերջին կանգառը լինելու էր Շուշին. նվիրելու էին քաղաքի պատկերասրահին։ Ըստ Սուրենի, – «Խաղադաշտի վրա դրված փամփուշտներով սկսվում է խաղը՝ իրենք պատրա՞ստ են փամփուշտով խաղալ, սա է հարցը»։

Համատեղ գաղափարն աշխատանքի տեսքով պետք է հասներ Արցախ ու ևս մեկ անգամ հնչցներ իրենց կոչը՝ ոչ պատերազմին։ Իրենց գործը խաղաղության մասին է։ Գործն այսօր է խաղաղության մասին։ Խաղաղություն, որ այս օրերին թվում է մշուշոտ, հեռու ու շատ անորոշ։