25.05.2021

Ինչու էր Ֆենիքս Դարբինյանը Կոմիտաս լսում նախագծելիս. բացառիկ հարցազրույց նրա ժառանգի հետ (տեսանյութ)

Newmag-ը Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակեց «Ֆենիքս Դարբինյան» մենագրությունը: Գրքի հեղինակ, Ճարտարապետ, մոդեռնիզմի տեսաբան Կարեն Բալյանն աշխատությունում զետեղել է վաստակաշատ ճարտարապետի բազմաթիվ կառույցներ ու նախագծեր։ Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ։ Դրանց մի մասը տրամադրել է Ֆենիքս Դարբինյանի որդու կինը՝ Մարինե Մելքումյանը։ Newmag-ը զրուցել է նրա հետ ու բացահայտել հետաքրքիր մանրամասներ ճարտարապետի կյանքից:

Կոմիտասի հենց Ծիրանի ծառն էր 1980-ականների վերջում ամենաշատը հնչում Ֆենիքս Դարբինյանի աշխատասենյակում։ 1988-ին, Կոնսերվատորիայի այգում արձանը բացվեց, և բոլորը հասկացան՝ ինչու էր այն նախագծած ճարտարապետը հենց Ծիրանի ծառը լսում։ Կոմիտասն արմատախիլ արված ծիրանի ծառին է հենված։ Սկզբում քննարկում էին արձանն էլ այդպես անվանել՝ Ծիրանի ծառ։

Ֆենիքս Դարբինյանի հարսը՝ որդու կինը, բոլոր հնչյուններն է մտապահել, բոլոր կարևոր փաստաթղթերն է խնամքով պահում։ Նաև այս քարն էր նկարահանման պահին անընդհատ ձեռքին․դրա վրա Ֆենիքս Դարբինյանի՝ Սևանում նկարած եկեղեցին է․«Այդ օրը հիշում եմ՝ թե ինչպես ափին նստած նկարեց»:

Պոպլավոկում, Մարինե Մելքումյանը հանում է օրիգինալ Պոպլավոկի նկարը, այնպիսին, ինչպիսին իր սկեսրայրն է նախագծել, ու նայում է շուրջը՝ կարոտով: Տիկին Մարինեն կարոտին միախառնված վրդովմունքը չանցավ նաև Աբովյան փողոցում «Բայց ավելի շատ՝ վրդովմունքով. Սարքել են ծանր նաֆաս բան, մարդա իրա բունը: Էս ամեն ինչը տեսնում եմ, սիրտս կանգնում է»:

Հիշեց դարբինյանական Աբովյանը՝ մի ամբողջ պարտեզ-փողոց։ Մարդուն հարմարեցված ջրավազաններով, գազոններով, մեղվի փեթակ հիշեցնող սալահատակով։ Վարպետն այնպես էր նախագծել, որ կառո՛ւյցը հարմարեցնի մարդուն, ոչ թե մա՛րդը հարմարվի կառույցին. «Ամեն ինչ ենթարկել մարդու հարմարությանը»։

Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկի վրա տիկին Մարինեն մտովի հայտնվեց Ֆենիքս Դարբինյանի նախագծած շենքի երրորդ հարկում։ Քանի տարի են այդտեղ ապրել, ինչ հյուրեր էին ընդունում, ինչ նշանավոր կառույցներ են այդտեղ գծվել-ծնվել։ Հեղինակավոր ճարտարապետն իր նախագծած շենքի պատուհանից տեսնում էր դարձյալ իր նախագծած Անին, որի պատշգամբների նույնիսկ ճաղերն էր վերածել թեթև մետաղական վիտրաժների՝ իր ինքնագրի ոճով, դրա մեծ տարբերակը դեմ դիմաց է՝ հարևան կառույցի պատին։ «Բոլոր կառույցները որպես մեկ ամբողջություն էին ստեղծվում, մեկը մյուսին ներդաշնակ: Հինը չվերացրեցին։ Հնի կողքը ներդաշնակ կառուցեցին նորը»։

Ճարտարապետի հարսի հիշողության մեջ դաջված է նաև հպարտությունը, որով Ֆենիքս Դարբինյանը խոսում էր՝ պարգևավճարի տեղը ստացած կոստյումի մասին։ Փակ շուկայի կամարաձև վիտրաժի համար էր ստացել. «Կոստյում են տվել՝ որպես պրեմիա։ Շա՛տ էր հպարտանում»:

Հենց այդտեղ էլ տիկին Մարինեն կանգ առավ, նորից նայեց իրենց պատուհանին, հիշեց՝ ինչ միջավայրում էր ստեղծվում Օղակաձև զբոսայգու մեծ շատրվանը: Հենց այստեղ էլ գալիս էր Վարպետը, նստում իր ստեղծած գեղարվեստական շատրվանի մոտ, ու հայրաբար այն դիտում ՝ ունկնդրելով մեղեդին։ Նույն երաժշտությունն է, որը լսում էր՝ իր վերջին կոթողը ստեղծելիս։