03.05.2021

Տեղի ունեցավ Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Newmag հրատարակչությունը ներկայացնում է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքը՝ «Ֆենիքս Դարբինյան»: Հայկական ճարտարապետության ավանգարդն ամփոփվել է այս գրքում: Գրքի հեղինակը Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է։ Քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ճարտարապետական խմբի կարևոր դեմքերից մեկը համարվող Դարբինյանի մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 30-ին՝ ճարտարապետի կառուցած «Անի» հյուրանոցում: Երեկոյին ներկա էին ինչպես ճարտարապետներ, այնպես էլ արվեստի գործիչներ։

Ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանն իր ստեղծագործական ուղին սկսել է ցայտաղբյուրի՝ ուսանողական փոքր նախագծից և ավարտվել Երևանը գեղեցկացնող Մեծ շատրվանի կառուցմամբ։ Ֆենիքս Դարբինյանի մյուս հայտնի աշխատանքը 50 տարի առաջ Երևանի սրտում կառուցված «Անի» հյուրանոցն է: Առաջին բարձրահարկը «Անի» հյուրանոցն էր, վերջինը՝ Մետրոպոլիտենի վարչության շենքը։ Ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր Կարեն Բալյանի խոսքով, այն, ինչ անցել էր Ֆենիքս Դարբինյանի ձեռքի տակով, գրեթե ոչինչ չի պահպանվել. «Կարծես աղետ է անցել քաղաքի ու նրա գործերի վրայով։ Քիչ թե շատ լավ վիճակում շատրվանն է, արձանները, բայց ֆանտաստիկ «Փարվանան» չկա։ Երկաթ բետոնից թեթև սլացիկ բաներ էր ստեղծում, որը այդ ժամանակաշրջանի համար բացառիկ գործեր էին»։

 

 

Ֆենիքս Դարբինյանի վախճանից հետո պրոֆեսոր Կարեն Բալյանը հրապարակեց «Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» վերնագրով հոդվածը: Այն Վարպետի վերջին խոշոր ստեղծագործության՝ Խանջյան փողոցի պուրակի Մեծ գեղարվեստական շատրվանի մասին էր։ Հենց այդ գլխագիրն էլ դարձավ գրքի վերնագիր: 1960-ականների ազգային զարթոնքի շնորհիվ ծնվեց հայկական ճարտարապետության ավանգարդը՝ նկատում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Ամենատաղանդավոր մարդկանցից էր, ինչին կպնում էր, հաճույքով էր անում։ Ձեռքը շատ լավն էր։ Չափազանց համեստ մարդ էր»։

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի ծրագրերը երկու ուղղություն ունեն: Հասրաթյանական ճյուղն ամեն տարի հրատարակելու է 20-րդ դարի հայկական գեղանկարչությանը կամ ճարտարապետությանը նվիրված մեկ կոնցեպտուալ աշխատություն: Ըստ հիմնադրամի գործադիր տնօերն Հրաչ Քեշիշյանի, հայկական մոդեռնիզմի սերնդին պատկանող ճարտարապետ Ֆենիքս Դարնիյանին նվիրված մենագրությունն առաջինն է. «Գրիգոր Հասրաթյանի ժառանգությունն ու աշխատանքը ճարտարապետության ու քաղաքաշինության հետ է կապված։ Դրա համար 20-րդ դարի ճարտարապետությունը ֆենոմենալ էր ոչ միայն Խորհրդային միությունում»։

Ֆենիքս Դարբինյանի շատ աշխատանքներ չեն պահպանվել, բայց նրա ձեռագիրը կարելի է տեսնել Երևանում՝ ամենուր: 1950-ականների սկզբին Երևանի ծայրամաս համարվող Կիևյանը մի քանի տարում դարձավ կենտրոնական փողոց։ Կիևյանի նախագծմանը մասնակցել է Ֆենիքս Դարբինյանը: Նրա ձեռագիրը կարելի է տեսնել նաև 70 տարի առաջ կառուցված Փակ շուկայի ֆասադին։ ճարտարապետի յուրահատուկ ստորագրությունը դաջված է նրա բոլոր աշխատանքների վրա՝ պատմում է Կարեն Բալյանը. «Քաղաքին ուրախություն պարգևող ճարտարապետը ինտրիգների մեջ չկար, լուսավոր էր։ Աբովյանը, Օղակաձև այգին թեթև էր, փայլուն նկարչական հնարավորություններ ուներ»:

Համապարփակ մենագրությունը ներկայացնում է նաև Ֆենիքս Դարբինյանի երևակայությունն ու ամբիցիաները, այդ առումով առաջին անգամ հրատարակվում են նաև նրա գծանկարները և այն նախագծերը, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին։