Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամ»-ի շնորհանդեսը, որը ստեղծվել է ի հիշատակ անվանի գիտական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Շնորհանդեսին ներկա էին Մինասյան և Հասրաթյան ընտանիքների ներկայացուցիչները, հեռուստատեսային և մշակութային գործիչներ:
Հիմնադրամի նպատակը Հայաստանում, Արցախում և սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու զարգացումն է: Հենց այդ միտումով էլ հիմնադրամը սկսել է դրամաշնորհային նախագծեր:
Հատկանշական է, որ այն երկու հիմնական ուղղություններով կաշխատի. «Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության ու քաղաքագիտության ոլորտներով, «Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի՝ կյանքի կոչելու արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համաձակ նախաձեռնությունները:
Ներկայացնելով հիմնադրամի կենսագրությունը՝ հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն ընդգծեց՝ գաղափարը ծագել է 2017-ին, հիմնադրամը գրանցվել է 2018-ին, 2019-ին հայտարարվել է առաջին դրամաշնորհային ծրագիրը:
Առաջին մրցույթի թեման է «Ճգնաժամ»-ը (Crisis): Միջազգային ժյուրին առաջին դրամաշնորհային մրցույթի հաղթողներ է ճանաչել Անուշ Ղուկասյանին (Imprints նախագիծ), Գրիգոր Մուրադյանին (Լուսինը՝ քնած երկնքից) և Գոհար Սմոյանին ու Սարգիս Հովհաննիսյանին (Պատերազմի ապոթեոզ):
Գոհարն ու Սարգիսը հանդես են եկել համատեղ նախագծով:
«Մեր թեման մի քիչ քաղաքական ու ակտուալ թեմա է: Մեզ համարելով արվեստագետ՝ չէինք կարող ներկա ժամանակի խնդիրներին անհաղորդ մնալ: Մեր նախագծի վերնագիրը՝ «Պատերազմի ապոթեոզ», պատահական չէ, ցավոք, կապված է այսօրվա իրականության հետ. ճիշտ է՝ պատերազմ, լարվածություն չկա, բայց կա խնդիր, որը դեռևս չլուծված է: Եվ հետո, սա գլոբալ թեմա է: Ստեղծագործությունը, որով փորձելու ենք ոգեշնչել խաղաղություն, քանդակ-օբյեկտ է լինելու. շախմատի խաղադաշտ, որի վրա խաղաքարերի փոխարեն դրվելու են չարձակված պարկուճներ: Այդ քանդակը նվիրատվություն ենք անելու Ստեփանակերտ քաղաքին: Այն պետք է տեղադրվի քաղաքի աչքի ընկնող վայրում՝ որպես խաղաղության ուղերձ», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գոհար Սմոյանը:
Սարգիս Հովհաննիսյանի հաշվարկով՝ տարեվերջին կմեկնարկվի նախագծի ներկայացումը, որը լինելու է երեք քաղաքներում՝ Գյումրի, Երևան, Ստեփանակերտ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ Aysor.am