30.09.2019

News.am-ի անդրադարձը «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» շնորհանդեսին

Երևանում այսօր՝ սեպտեմբերի 28–ին, տեղի ունեցավ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի շնորհանդեսը։

Հիմնադրամը ստեղծվել է՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի եւ ճարտարապետ, քաղաքական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի։ Հիմնադրամի նպատակն է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ Արցախում եւ Սփյուռքում, արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու հետագա զարգացումը, մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

Հիմնադրամն աշխատելու է երկու հիմնական ուղղություններով՝ «Մինասյան» բաժինը՝ պատմության եւ քաղաքագիտության, «Հասրաթյան» բաժինը՝ արվեստի եւ մշակույթի։

Շնորհանդեսի ժամանակ հայտարարվեցին նաեւ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի առաջին դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերը։ Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Անուշ Ղուկասյանը՝ IMPRINTS նախագծի համար, Գոհար Սմոյանը ու Սարգիս Հովհաննիսյանը՝ «Պատերազմի ապոթեոզ», եւ Գրիգոր Մուրադյանը՝ «Լուսինը՝ ընկած երկնքից» նախագծերի համար։

Հիմնադրամի տնօրեն՝ ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ մրցույթի թեման ճգնաժամն էր, եւ պարզաբանեց, թե ինչու է ընտրվել հենց այդ թեման. «Այս տարվա մայիսի 1-ին հիմնադրամը հայտարարեց դրամաշնորհ արվեստի գործի ստեղծման համար, որի նպատակն էր ի հայտ բերել հետաքրքրիր գաղափարներ վիզուալ արվեստում։ Մրցույթի թեման վերնագրվեց «Ճգնաժամ»։ Ինչո՞ւ ճգնաժամ. որովհետեւ համաշխարհային մտքի զարգացումը ավելի վառ է արտահայտվում ճգնաժամերին եւ ճգնաժամերից հետո։ Համաշխարհային իրականությունը եւ մեր երկրի իրականությունը ստիպում են մտածել, որ ճգնաժամերը հաջորդում են մեկը մյուսին եւ այս ճգնաժամերի մեջ, ենթադրվում է, որ պետք է գտնել ճշմարտությունը»։

Մրցութային ֆոնդը կազմում է 2.5 մլն դրամ։

Աղբյուրը՝ News.am