01.10.2019

Tert.am-ի անդրադարձը «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» շնորհանդեսին

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամ»-ի շնորհանդեսը: Հիմնադրամն ստեղծվել է ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի:

Հիմնադրամն ունենալու է 2 հիմնական ուղղություն. «Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով: Կհայտարարվեն դրամաշնորհային ծրագրեր` պատմության, քաղաքագիտության վերաբերյալ նոր ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարելու, դրանք հրատարակելու համար: «Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի ժամանակակից արվեստի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Այսպիսով, առաջին դրամաշնորհային ծրագրերը հայտարարվել էին 2019 թվականի մայիսին: Մրցույթի թեման «Ճգնաժամ/Crisis»-ն էր: Խորագրի ներքո պետք էր ներկայացնել գաղափարներ վիզուալ արվեստի` կերպարվեստի, քանդակի, լուսանկարչության, ինստալյացիայի, հանրային արվեստի, վիդիոարվեստի ոլորտներում: Միջազգային ժյուրին առաջին դրամաշնորհային մրցույթի հաղթողներ է ճանաչել Անուշ Ղուկասյանին («Imprints» նախագծի համար), Գրիգոր Մուրադյանին («Լուսինը` ընկած երկնքից» նախագծի համար) և Գոհար Սմոյանին և Սարգիս Հովհաննիսյանին («Պատերազմի ապոթեոզ» նախագծի համար):

Հիմնադրամի տնօրեն Հրաչ Քեշիշյանն իր ելույթում նշեց, որ Հասրաթյան-Մինասյան ընտանիքները դեռևս 2017 թվականին ձեռնամուխ եղան և սկսեցին իրագործել հիմնադրամի ստեղծումը: «2018 թվականի մարտ ամսին այն գրանցվեց որպես հիմնադրամ և 2019 թվականի սկզբից սկսեց իր գործունությունը ծրագրերի տեսքով: Այս հիմնադրամն ստեղծվել է այս երկու ընտանիքների ջանքերով և այն միտումով, որ այն ուղղված է լինելու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արվեստի, մշակույթի զարգացմանը, ինչպես նաև պատմագրության, պատմագիտության և քաղաքագիտության քաղաքական մտքի զարգացմանը»,-ասաց նա:

Հրաչ Քեշիշյանը լրագրողներին հայտնեց, որ ս․թ․ մայիսի 1-ին հիմնադրամը հայտարարեց դրամաշնորհ: «Նախ համաշխարհային մշակույթը, և համաշխարհային մտքի զարգացումը միշտ ավելի վառ է արտահայտվում ցանկացած ճգնաժամի ընթացքում և ճգնաժամից հետո, իսկ մեր երկրի իրականությունը ստիպում է մտածել որ ճգնաժամերը հաջորդում են մեկը մյուսին և ենթադրվում է և սա այն լավագույն թեմաներից մեկն է, որի շուրջ արվեստագետը կարող է ծավալվել ամենալայն մտահորիզոնով»,-ասաց նա:

Նա նշեց, որ բավականին շատ հայտեր են ստացել, ինչը ենթադրում էր, որ մրցանակը պետք է լիներ մեկից ավելի: «Կոնկրետ այս գործի ստեղծման համար սահմանվել էր 2,5 միլիոն դրամ մրցանակ, բայց, ի պատիվ արվեստագետների, նրանք նշել էին ոչ թե մաքսիմալ գումարը, այլ այն գումարը, որը անհրաժեշտ է իրենց այդ գործը ստեղծելու համար և դա մեզ հնարավորություն տվեց մրցանակ տալ երեք արվեստագետի»,-ասաց նա և կարևորեց, որ մրցանակակիրները երիտասարդներն են, որը ենթադրում է, որ կա լավ ընթացք, լավ շարժում, լավ տենդենց, որ երիտասարդները համարձակ են իրենց գաղափարները ներկայացնելու առումով և չեն մտածում, որ ավագները կարող են իրենց ճնշել:

«Լուսինը՝ ընկած երկնքից» նախագծի հեղինակ Գրիգոր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ պատահական է իմացել մրցույթի մասին և իր աշխատանքով ներկայացնում է ժամանակակից մարդու և հասարակական պատկերացումների հակամարտությունը, այդ ամբողջ ճգնաժամը: «Ժամանակակից արվեստն արվեստագետին թույլ է տալիս ցանկացած նյութով, տեխնիկայով աշխատանք ներկայացնել և կարևոր է, թե ինչ ես ներկայացնում»,-ասաց նա:

«Imprints» նախագծի համար մրցանակ ստացած Անուշ Ղուկասյանը նշեց, որ աշխատանքն ստեղծվել է հատուկ մրցույթի համար և վեց ամսվա ընթացքում կներկայացնի այն: Նա ասաց, որ այսպիսի հիմնադրամները ժամանակակից արվեստագետներին տալիս են աշխատելու միջոցներ և հնարավորություններ: Նա նշեց, որ ժամանակակից արվեստի համար այսօր խնդիր է ֆինանսական հնարավորությունները, մտքի բացակայությունը: «Հաճախ գործերն ստեղծվում են՝ ելնելով մեր հնարավորություններից և շատ մտքեր պարզապես չեն իրականանում, կամ իրականանում են մի քիչ այլ կերպ»,-ասաց նա:

«Պատերազմի ապոթեոզ» նախագծի համար հաղթող Գոհար Սմոյանն ասաց, որ իրենց նախագիծը կարելի է համարել օբյեկտ-քանդակ: «Կոնցեպտը շատ ակտուալ է, քանի որ արցախյան հարցը դեռևս անլուծելի է մնացել: Արվեստի օբյեկտը դա շախմատի խաղադաշտն է, որի վրա դրվելու են չարձակված փամփուշտներ: Աշխատանքը հետագայում նվիրատվություն ենք անելու Ստեփանակերտին, որտեղ կդրվի այդ քանդակը՝ որպես խաղաղության ուղերձ, որ հասկանալի լինի, որ այդ փամփուշտները պետք է չարձակվեն: Այսինքն՝ պատերազմի դեմ պետք է պայքարել չպատերազմելով: Բացի այդ, այս նախագիծն ինտերակտիվ բնույթ կկրի, քանի որ մեզ համար շատ կարևոր է հասարակության կարծիքը, և նախագիծը կշրջի Երևան, Գյումրի Ստեփանակերտ քաղաքներով և կառաջարկվի մարդկանց խաղալ: Հետաքրքիր է, թե մարդիկ կսկսեն խաղը, թե ոչ, այսինքն իրենք հակված են խաղի, հուսով ենք՝ խաղացողներ չեն լինի»,-ասաց նա:

Միքայել Մինասյանի դուստր Արմինե Մինասյանը շատ կարևորեց Հինադրամի ստեղծումը և նշեց, որ այն համարում է հոր և Հասրաթյան ընտանիքի աշխատանքի շարունակությունը:

Նշենք նաև, որ Հիմնադրամը թողարկելու է 20-րդ դարի հայ արվեստագետներին ու ճարտարապետներին նվիրված մատենաշար: Առաջին գրքի հեղինակը ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանն է: Մենագրությունը նվիրվելու է ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանին։

Աղբյուրը՝  Tert.am