Այսօր «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամն ամփոփել է պատմագիտական հետազոտությունների իրականացման 2-րդ ծրագրի հայտերի ընտրությունը: Հիմնադրամը ներկայացված բարձրակարգ ու խիստ ուշագրավ թեմաներից ընտրել է 3 հետևյալ հայտերը.
Ավագ Հարությունյան
«Ալեքսանդր Մյասնիկյանի Ժառանգությունը. պատմագիտական վերլուծություն (1920-1925)»
Աշոտ Հայրունի
«Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության սխալներն ու թերացումները տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում»
Վարդան Ոսկանյան, Ահարոն Վարդանյան, Արտյոմ Տոնոյան, Գարիկ Միսակյան, Լիանա Պետրոսյան
«Հայոց ռազմաքաղաքական ներկայությունն Ադրբեջանում 1918-1920 թվականներին. ադրբեջանական կեղծ քարոզչության և իրականության սահմանազատում»
«Մինասյան» կենտրոնի հայտարարած «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» հետազոտությունների իրականացման ծրագիրը հայտարարվում է արդեն երկրորդ անգամ։ Մրցույթի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերաիմաստավորեն 20-րդ դարի հայոց պատմությունը։ Պատմաբաններից, սոցիոլոգներից, հնագետներից կազմված թիմերն ու անհատ գիտնականներն ուսումնասիրել են մինչև այս չբարձրաձայնված, քիչ ուսումնասիրված թեմաներ:
Հավատարիմ մնալով հիմնադրամի առջև դրված նպատակներին՝ «Մինասյան» կենտրոնը կշարունակի պատմաբանների համայնքին հաղորդել պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ: Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև նպաստել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» շնորհավորում է մրցույթի բոլոր հաղթողներին և մաղթում հաջողություն հետազոտության իրականացման ընթացքում։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնում այն մասնակիցներին, որոնց հայտերը չընդգրկվեցին վերջնական ցուցակում և տեղեկացնում, որ ապագայում կլինեն գիտական հետազոտությունների իրականացման և հիմնադրամի հետ գործակցության նոր հնարավորություններ։