2020-ին Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարել էր դրամաշնորհային ծրագիր «Առերեսում» թեմայով: Մինչև 2021 թվականի մարտ հաղթողները պետք է ներկայացնեն գործեր՝ վիզուալ արվեստի ոլորտում: Ծրագրի նպատակն է՝ աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, գնահատել արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: Հաղթողներից Էդիկ Պողոսյանի աշխատանքն արդեն պատրաստ է:
Էդիկ Պողոսյանի աշխատանքը կոչվում է «Վարդերը ներսում»: Այս խորագրի ներքո նա ներկայացնում է վիզուալ պոեզիա: Արվեստագետը շրջում է քաղաքով, լուսանկարում կապակցություններ, նախադասություններ, որոնք հավերժացել են քաղաքի պետերին: Հետո արդեն ուրբան տարածքներից հավաքած եզրույթներով ստանում է հեղինակային բանաստեղծություններ:
Պատերին արված գրաֆիտիներով, հայտարարություններով, ձեռագիր գրություններով այս անգամ նա կազմել է իր նոր պոեզիան ու նվիրել Արցախյան պատերազմի մասնակիցներին, անհետ կորածներին, որդեկորույս մայրերին, զոհերին: Աշխատանքի ամբողջ ընթացքում Էդիկ Պողոսյանին հուզմունքն ու պատասխանատվությունը չեն լքել. «Այս ընթացքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմը, և ես որոշեցի ընտրել հենց այս թեման: Մոտ երկու ամսից ավելի շրջել եմ քաղաքով, փնտրել բառեր, մեջբերումներ և ստացել այս գործը: Կարելի է ասել, որ սա էլ իմ հարգանքի տուրքն է մեր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին»:
Պոեզիան կարող է ընդամենը վայրկեաններ տևել, բայց դրա հետևում ամիսների երկարատև աշխատանք է: Օրերով գրում ու ջնջում ես, որ ի վերջո ստացվի քո միտքը, քո գործը՝ նկատում է Էդիկ Պողոսյանը. «Նպատակը մեզ շրջապատող ֆոլկլորը, որը քիչ ենք նկատում, ցույց տալ շատերին: Ես միաձուլելու եմ գրականությունը և ֆոլկլորը»:
«Առերեսում» թեմայով դրամաշնորհային ծրագրի 3 հաղթողների աշխատանքները պատրաստ կլինեն գարնանը: