22.03.2021

Շահանե Շահբազյանն ավարտել է «Առերեսում» ծրագրի շրջանակում իր 80 աշխատանքները (տեսանյութ)

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Առերեսում» դրամաշնորհային ծարգրով երիտասարդ արվեստագետը ներկայացրել էր «Ինքս ինձ հետ՝ առերեսված» նախագիծը: Նկատում է՝ առանց հիմնադրամի աջակցության, այսքան գործ երբևէ միանգամից չէր կարող անել. «Մոտ 4 ամսում արել եմ 80 աշխատանք՝ ավելի շատ, քան նախատեսված էր ծրագրով: Առանց հիմնադրամի աջակցության միանգամից այսքան գործ չէի կարող անել»:

Աշխատանքներում հիմնական հերոսը մարդն է՝ դեմքի բազմաթիվ արտահայտություններով ու տարբեր հայացքներով: Աշխատանքների միջոցով Շահանեն ցույց է տալիս, թե երիտասարդ արվետսագետն ինչ պատկերացումներ ունի առերեսում թեմայի վերաբերյալ. «Ամենահետաքրքիրն ինձ համար մարդու դեմքն է, երբ կարողանում ես ցույց տալ հոգեբանական տարբեր իրավիճակները դեմքի միջոցով»:

Գեղարվեստական տպագրությունով Գեղարվեստի ակադեմիայի սանը սկսել է զբաղվել ուսմանը զուգահեռ, մի օր տեսավ ու հասկացավ՝ սա այն է, ինչով պետք է զբաղվի: Այս ճյուղը մեր երկրում վաղուց մոռացված է, երիտասարդ արվեստագետներին այն գրեթե չի գրավում. «Օտարերկրյա արվեստագետների շնորհիվ սովորեցի ու հիմա տիրապետում եմ այս ուղղությանը: Երբեմն լինում են դասընթացներ, որոնց ժամանակ գիտելիքներս փոխանցում եմ սկսնակներին»:

«Ինքս ինձ հետ՝ առերեսված» թեմայով աշխատանքներն ավարտել է, 6-ամսյա ծրագրով մեկնում է Գերմանիա«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության՝ «Ատելիե Մոնդիալի» և Ֆրայբուրգի քաղաքապետարանի հետ իրականացվող՝ Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրին մասնակցելու։Խոստանում է՝ կվերադառնա ու կօգնի ճյուղը զարգացնելու գործում: