22.09.2020

«Waiting for the…»՝ արվեստագետների խնդրիրները նոր ձևաչափով և «Առերեսում» ծրագրի դրամաշնորհով

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ՝ վիզուալ արվեստի ոլորտում գործեր ստեղծելու համար: Թեման՝ «Առերեսում»-ն է, ծրագրի նպատակն է՝ աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, գնահատել արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: Նախագծի, դրա նպատակի և արվեստագետի ծրագրերի մասին զրուցել ենք հաղթողներից Ռուզան Պետրոսյանի հետ:

Ռուզան Պետրոսյանն առաջին մասնագիտությամբ լրագրող է: Ու գուցե հենց այդ պատճառով էլ նախընտրում է աշխատել միաժամանակ ձայնով, կադրով և տեքստով՝ այդպես ստեղծելով վիզուալ արվեստ: Իր վիդեոինստալացիաներում կարելի է տեսնել թե՛ իր հեղինակային լուսանկարները, թե՛ տեսանյութերը: Հիմնական աշխատանքները կատարել է արտասահմանում, ըստ նրա, երկրի սամաններից դուրս ավելի լավ են պատկերացնում վիդեոարտը. «Նաև անում եմ էքսպերիմենտալ վիդեոներ, կարճ ֆիլմեր, մասնակցում եմ լուսանկարչական ցուցահանդեսների, բայց ինձ ավելի հոգեհարազատ է վիդեոարվեստը »:

Հասրաթյան-Միանսայն հիմնադրամի դրամաշնորհային մրցույթին Ռուզան Պետրոսյանը ներկայացրել է «Waiting for the…» նախագիծը: Արվեստագետի խոսքով, փորձելու է աշխարհի տարբեր երկրների իր կոլեգաների հետ հարցազրույցի ժանրում ներկայացնել յուրաքանչյուրի խնդիրները: Ձևաչափի ընտրության համար Ռուզանն ունի իր բացատրությունը. «Սովորաբար արվեստագետները ներկայացնում են համամարդկային խնդիրներ, բոլորի սոցիալական հարցերին իրենց գործերում անդրադառնում են, բայց միշտ մոռանում են իրենց մասին: Դրա համար որոշեցի անդրադառնալ մեր իսկ խնդիրներին»:

Ռուզանին ոգեշնչել է Լեոնարդ Կոենի հայտնի «Waiting for the Miracle…» երգը: Ինչպես երգիչն է ասում, կյանքը սպասում է, իսկ արվեստագետները միշտ են սպասում հրաշքի: Ռուզան Պետրոսյանի վիդեոինստալացիայում հյուրին տեսնելու ենք երկու տեսանկյունից. դրա համար Ռուզանն ունի իր հատուկ պատճառը. «Հարցազրուցը կլինի մեջքով և դիմացից: Մեջքով՝ այսինքն իրականությանը դեմ : Նաև կլինի վրան, որտեղ կներկայացվի մեր երազած իրականությունը »:

Ըստ Ռուզանի, դրամաշնորհների շնորհիվ կարող է բարձրանալ արվեստագետի իմիջը. այսօր արվեստագետի կյանքում դրամաշնորհը խիստ կարևոր է: «Առերեսում» ծրագրի հաղթող մասնակիցների նախագծերը պատրաստ կլինեն գարնանը: