25.11.2020

Երևանը մայրաքաղաքի վերածած լեգենդը. Գրիգոր Հասրաթյանը 102 տարեկան է

Նոյեմբերի 24-ին հայ պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանը կդառնար 102 տարեկան։ Նա ծնվել է 1918 թվականին: ավարտելուց հետո միանգամից անցնում է աշխատանքի: Սկզբում ինժեներ, հետո Լենինյան շրջգործկոմի կոմունալ բաժնի պետ, շրջգործկոմի նախագահի տեղակալ, ապա նույն շրջգործկոմի նախագահ Հասրաթյանը մինչև Երևանի ղեկավար դառնալը, 2 տարի Գյումրիի քաղաքապետն էր: Նա 13 տարի մայրաքաղաքի ղեկավարն էր. ղեկավարման առաջին իսկ օրվանից նպատակ ուներ՝ քաղաքը դարձնել մայրաքաղաք:

Գրիգոր Հասրաթյանի ընտանիքի անդամներն առիթից-առիթ են պատմում նրա գործերի մասին: Այդ պատմությունները սկսվում են Գյումրիից` 1960-ականների սկզբի Լենինականից: Այնտեղ 20 ամիս աշխատելուց հետո` 1962-ին, Հասրաթյանին Երևան էր ճանապարհում ամբողջ Լենինականը: Պատմական ֆայտոնով:

Նրան համարում էին Երևանի առաջին քաղաքապետը, քանի որ 13 տարում քաղաքից դարձավ մայրաքաղաք: Նույնիսկ քաղաքին տոն նվիրեց՝ առաջին տոնակատարությունը՝ Էրեբունի-Երևանը կապված է Գրիգոր Հասրաթյանի անվան հետ:

Տոնական միջոցառումների գլխավոր պատասխանատուն հենց նա էր: «Քաղաքի լեգենդ» անունը ստացած քաղաքապետը հարցազրույցներից մեկում նշել էր, որ գաղափարն իր քեռունն էր` հայտնի լեզվաբան ու պատմաբան Մորուս Հասրաթյանինը. «Նա հուշեց, որ լրանում է 2750-ամյակը: Պետք է նշել»:

Նախ Մոսկվային ապացուցեն` Երևանն իրոք 2750 տարեկան է, հնագույնը` Խորհրդային Միությունում: Տոնակատարությունից առաջ Գրիգոր Հասրաթյանի աշխատասենյակի դռները բաց էին: Քաղաքապետն անընդհատ նոր գաղափարներ ու մտահղացումներ էր լսում քաղաքացիներից, ամբողջ քաղաքն ու նույնիսկ Հայաստանն էր մասնակցում կարևոր տոնի կազմակերպմանը:

Հարցազրույցներից մեկում պատմում է. «Իջևանից գորգագործ երկու կին եկան, բերեցին առաջին «Էրեբունի» գորգն ու փռեցին քաղսովետի իմ աշխատասենյակում: Պետավտոտեսչության ղեկավարությունը պետական մեքենայիս համարները փոխեց ու դարձրեց 27-50: «Երազ» գործարանը միկրոավտոբուս նվիրեց քաղսովետին»:

Քաղաքապետը հուզմունքով էր հիշում, թե ինչպես էին քաղաքացիները զանգում իրեն ու առաջարկում իրենց տանը տեղավորել արտասահմանյան հյուրերին: Երևանում հյուրանոցները քիչ էին, ստիպված էին հյուրերին տեղավորել նաև գնացքներում: 1968-ի հոկտեմբերի 18-ը վերածվել էր համաժողովրդական տոնի: Համազգային տոնախմբությունը հավերժացվեց վավերագրական ֆիլմերում: Դրանցից մեկն ամբողջությամբ կառուցված է «Էրեբունի-Երևան» երգի վրա:

Մայրաքաղաքի 14 տարվա օրհներգն առաջին անգամ հնչեց ա՛յդ օրը` 50 տարի առաջ, Հաղթանակի զբոսայգում, 2750-հոգանոց երգչախմբի կատարմամբ: Այն համարում է Հայաստանի զարթոնք: Էրեբունի-Երևանի մասին խոսելիս Գրիգոր Հասրաթյանն ասում էր. «Այդպիսի մթնոլորտով տոնակատարություն այլևս չի լինի: Գլուխգործոցը լինում է մեկ անգամ, «Անլռելի զանգակատուն» մեկ անգամ է գրվում»:

Քաղաքապետ Հասրաթյանը միշտ շեշտում էր՝ մայրաքաղաք կառուցելն ու ղեկավարելը ակադեմիա է: Եվ նրա կառուցած ու ղեկավարած Երևանն իր առաջին տոնին ներկայացավ այն մթնոլորտով ու կերպարով, ինչին քաղաքապետը ձգտում էր պաշտոնավարման ընթացքում: Եվ ինչի մասին խոսում էր բաց ճակատով: Հնագույն մայրաքաղաքը ներկայացավ մի քանի տասնյակ նորագույն կառույցներով, վերակառուցված Էրեբունի ամրոցով, լճերով ու ջրավազաններով: Քաղաքապետը խնդիր էր դրել փոխել մայրաքաղաքի կլիման: Քչերին է հայտնի, որ հենց Հասրաթյանի գաղափարն էր շատրվանները դարձնել երգող: Եվ կարողացավ խորհրդային վերնախավին համոզել ու կառուցել 2750 շատրվաններով պուրակը` նույնիսկ դիմադրությունների պայմաններում:

Երևանը մայրաքաղաք դարձրած քաղխորհրդի նախագահն իր հրաժարականի օրն իր կրտսեր դստերը խիստ, բայց միաժամանակ մեղմ տոնայնությամբ ասաց. «Ես այնպես եմ աշխատել, որ կարող եք գլուխներդ բարձր քայլել»: Հասրաթյանի երեխաներն այդ օրը զգացին, որ իրենց հայրը քաղաքապետ է: Նրա պաշտոնավարման 13 տարիների ընթացքում ներկայանում էին որպես ճարտարապետի, ոչ թե քաղաքապետի զավակներ: Այդպես էին կամեցել ծնողները: