30.11.2020

Ծիծեռնավանքի առեղծվածն ու Մորուս Հասրաթյանի պեղումների եզակի բացահայտումները

Արցախյան 3-րդ պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցավ նաև Քաշաթաղի շրջանում, որտեղ գտնվում է նաև 5-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը։ Ծիծեռնավանքի եկեղեցին աչքի է ընկնում իր ինքնատիպ հարդարանքով, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է։ Պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ։ Հայկական նույնատիպ կառույցների մեջ միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է։ Ծիծեռնավանքում երկար տարիներ հնագիտական պեղումներ է իրականացրել Մորուս Հասրաթյանը՝ անվանի գիտնականը և Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի քեռին։

Դեռ ուսանողական տարիներից պատմաբան Մորուս Հասրաթյանը պեղումներ է իրականացրել Ծիծեռնավանքում: 1947-ականներից սկսած արդեն իր ուսանողների հետ էր մեկնում հայրենի բնաշխարհի ու բացահայտում հնագույն հուշարձանի գաղտնիքները: Այսօր բազմաթիվ բացահայտումներ հենց նրան են պատկանում: 1960-ականներին հայ գիտնականի մուտքն այդ տարածք արգելված էր: Մորուս Հասրաթյանը հասավ Ծիծեռնավանք, ու դա եղավ առաջին լուրջ ուսումնասիրությունը եռանավ բազիլիկ տաճարի մասին: Այդ տարիներին վանքը կիսավեր էր, ներսը` քարեր ու աղբ: Հիմա Ծիծեռնավանքի պատերին կարելի է նկատել բազմաթիվ նորոգումների հետքեր:

Ախլաթյանում ամեն ինչ դարավոր տանձենու շուրջ է պտտվում, որը Մորուս Հասրաթյանն անվանում էր պատմական հուշարձան: Ծառը զոհվեց, ինչպես պատմաբանն էր ասում` կացնի բերանով, գաղտնի ու դաժանաբար: Չհասցրեցին նույնիսկ տարիքը որոշել: Նույն ցավը հնագետը զգում էր, երբ վերացվեցին ավերված գերեզմանատան հին տապանաքարերը, որոնք գուցե պահած լինեին իր գյուղի անունը: Այս տարածքը գյուղում այլ անվանում էր էլ ուներ՝ այսօր էլ տեղացիները հիշում ու պատմում են. «Ասում էին` Հասրաթի ծառեր, իսկ տարածքը անվանում էին Հասրաթյանների թաղ»:

Կողմնորոշիչ տանձենիով նկարագրած ճանապարհը տանում է այնտեղ, որտեղ 1931-ի երկրաշարժից առաջ հին Ախլաթյանն էր, նորի հարավում, մեկ կիլոմետրի վրա: Հեռվում` Հասրաթի այգին էր: Հենց այստեղ էլ Մորուս Հասրաթյանը գալիս էր ուսանողների հետ, առավոտից երեկո պեղումներ անում, քթի տակ Սայաթ-Նովա երգում: Ընդմիջման ուտելիքը տեղ հասցնելու պատիվը տրված էր Հրանտ Ղևոնդյանին` Մորուս Հասրաթյանի հորեղբոր թոռանը: Այսօր այդ մասին հիշելիս՝ աչքերը փայլում են. «Ես երեխա էի, որպես բարեկամ տանում էին հետները: Ոնց որ ասում էր` դուզ ջրաց Սայաթ-Նովա, ջուր էի տանում իրենց համար»:

Պեղած իրերը Հասրաթյանը դասավորում էր բարեկամի տանը: Հորաքրոջ թոռը նույնիսկ կեսդար անց նախասրահում ոչինչ չի փոխում: Մարատ Սիմոնյանը՝ Մորուս Հասրաթյանի հորաքրոջ թոռը ընդգծում է՝ սա պատմական անկյուն է. «Այս մասը մնացել է նույն ձևով, ահա սրան էլ իր գտած իրերից են, որոնք պահպանում ենք: էս տարածքը միջին բրոնզի դարաշրջանում շատ զարգացած մշակույթներ է ունեցել: Նա պարզել է, որ եկեղեցու այս քարերը 5-7-րդ դարի են»:

Պատմական փոքրիկ հնությունն անգամ պետք է աչքի լույսի պես պահել՝ սրանք Հասրաթյանի խոսքերն են՝ նոր սերնդին սովորեցնում է կոկորդից բռնել ու պահանջել պապերի պատմությունը: Ասում էր, ու ճամփա ընկնում դեպի Սյունիքի 12 պատմական գավառներից մեկը` Աղահեճ, այժմ` Արցախի Քաշաթաղ: Աղավնո գետի ափին կառուցված Ծիծեռնավանք: Նրա ուսանողների՝ Զոհրաբ Ռոքյանը հիշում է, «Այստեղ ապրում էին քրդացած թուրքերը, աշխատում էին թաքցնել հայկականի մասին ամեն ինչը, թույլ չէին տալիս ուսումնասիրություն արվեր»:

Ծիծեռնավանքում Մորուս Հասրաթյանը ճարտարապետական կարևոր առանձնահատկություններ էր նկատել. դրանցից մեկը արևմտյան ճակատին մուտքի բացակայությունն է: Սա եզակի երևույթ է, որովհետև հայկական հնագույն բոլոր բազիլիկաները, որպես կանոն, ունենում են դուռ արևմտյան կողմում: Պատմաբանը դա շատ կարևոր է համարում` տաճարի հիմնադրման ժամանակաշրջանը որոշելու համար: Զարդաքանդակներն ու նշանները, Հասրաթյանի պնդամբ, կիրառվել են 4-րդից 7-րդ դարերում: Մյուս առանձնահատկությունը, որը հնագետն անվանում է բացառիկ, խորանի վրա գտնվող վերնահարկն է:

Այդ տարիներին տաճարը մեծ ուխտատեղի էր ու հայտնի՝ իր բուժիչ հատկություններով: Տաճարն անվանում են Ծիծեռնավանք` դա կապելով Պետրոս Առաքյալի ճկույթի` ծիծեռնի լեգենդի հետ, սակայն Մորուս Հասրաթյանը հակված էր այլ տարբերակի: Նա պնդում էր, որ ճիշտ է ասել

Ծիծեռնակավանք: Քանի որ ատվյալ դարաշրջանում ընդունված է եղել թռչունների պաշտամունքը: Հասրաթյանը պնդում էր, որ Պետրոս Առաքյալի ճկույթը չէր կարող հայտնվել այստեղ:

Ախլաթ տեսակի տանձ-խնձորը Հասրաթյանների մեծ ընտանիքի բակում անպակաս էր: 1931-ի երկրաշարժից հետո կառուցեցին այս տունը: Ախլաթյանցիները, ինչպես իրենք են ասում, մեծ սյունեցու մասին խոսում են ժամերով, նորից հիշում պատմական տանձենին, ու տխրում` Մորուս Հասրաթյանից Հասրաթ մնացինք` այսիքն կարոտով: