09.12.2019

«Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը»

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» հայտարարում է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 15, 2020

Արդյունքների ամփոփումը՝ մարտի 2, 2020

Դրամաշնորհի չափը՝ 5,000-10,000 ԱՄՆ դոլար

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

 

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2019 թվականի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

Հիմնադրամի «Մինասյան» կենտրոնն իրականացնում է պատմագիտական հետազոտություններ: Կենտրոնի նպատակներից է պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։

Այս նպատակներն իրագործելու համար կենտրոնը նպատակ ունի իրականացնել հետևյալ ծրագրերը.

  • Համաժողովների կազմակերպում միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետների ու պատմաբանների մասնակցությամբ,
  • Անհատական կամ խմբային դրամաշնորհների տրամադրում,
  • Պատմագիտության ու քաղաքական մտքի զարգացման նպատակով հետազոտությունների հրապարակում պատմության առանձին էջերի, գրականության, մեդիաբովանդակության վերլուծությունների, արվեստի (նկարչություն, ֆիլմարտադրություն և այլն) թեմաներով,
  • Ուսանողների և հետազոտողների համար դասախոսությունների կազմակերպում,
  • Հատուկ հարթակի ստեղծում, որտեղ կքննարկվեն պատմաբանների մասնագիտությանն ու պրակտիկային առնչվող թեմաներ:

«ՄԻՆԱՍՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ՝

  • Հայկական ազգայնականությունը 20-րդ դարում,
  • Կարծրատիպերը և նախապաշարմունքները հայոց պատմագիտական խոսույթում (19-րդ դարի վերջ – 20-րդ դար),
  • 20-րդ դարի հեղափոխություններն ու հայերը,
  • Հայոց պատմության մեջ էլիտայի դերն ու դրա փոխակերպումները (19-րդ դարի վերջ – 20-րդ դար),
  • Հայրենադարձությանը և ժողովրդագրությանն առնչվող խնդիրներ (20-21-րդ դարեր),
  • Հայ-ռուսական հարաբերությունները 20-րդ դարում,
  • Հայ Առաքելական եկեղեցի. կրոնական և աշխարհիկ հիմնախնդիրները 20-րդ դարում,
  • Ազգային շահի և ազգային գերակայությունների հիմնախնդիրները,
  • Խորհրդային Հայաստանի պատմության վերագնահատման խաչմերուկներում,
  • Հայությունն ինքնությունների խաչմերուկներում,
  • Հայերն ու կայսրությունները (Օսմանյան, Սեֆյան, Ռոմանովյան),
  • Ժամանակակից հայկական սփյուռքը,
  • Հայերը Մերձավոր Արևելքում:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հայտերն ընդունվում են հայերեն և անգլերեն, Word կամ PDF ձևաչափերով։ Հայտում պետք է նշված լինեն հետևյալ կետերը.

  • Ուսումնասիրվող թեմայի համառոտ նկարագիրը (մինչև 1,500 բառ), որը պետք է ներառի՝
  • հետազոտության թեման (արդիականությունը, գիտական հարցադրումը),
  • հետազոտության մեթոդաբանությունը,
  • տեսական շրջանակ(ներ)ը,
  • ակնկալվող արդյունքները,
  • հայտատուի (խմբային հայտի դեպքում՝ բոլոր մասնակիցների) CV-ն՝ մինչև 5 էջ,
  • հրատարակված հետազոտությունների ցանկը,
  • հետազոտության իրականացման ժամանակացույցը,
  • պահանջվող ֆինանսավորման չափը:

«Մինասյան» կենտրոնը մեծապես կարևորում է ներկայացված հայտերի, գիտական աշխատանքի իրականացման և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային չափանիշերին։ Դրամաշնորհին կարող են դիմել թե՛ փորձառու գիտնականներ, թե՛ երիտասարդ մասնագետներ:

Կդիտարկվեն նաև այն հայտերը, որոնք «Մինասյան» կենտրոնի թվարկած թեմաների և ավելի լայն հետազոտությունների միջակայքում են:

ՀԱՅՏԵՐԸ [email protected] ԷԼՓՈՍՏԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՆՉԵՎ 2020 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ը:

Դրամաշնորհ ստացած մասնակիցները 2020 թվականի ՀՈՒՆԻՍԻ 30-ին և ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ին պետք է ներկայացնեն հետազոտության իրականացման առաջընթացի մասին երկու զեկույց (մինչև 2,000 բառ):

Դրամաշնորհ ստացած մասնակիցները հետազոտության վերջնական աշխատանքը (մինչև 50,000 բառ) պետք է ներկայացնեն մինչև 2021 թվականի ՄԱՐՏԻ 1-ը: