Փլուզված կայսրությունների, խորհրդային ժամանակաշրջանի երազանքների մասին գիրքը կհրատարակվի հիմնադրամի օժանդակությամբ (տեսանյութ)

Aug 21

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի Մինասյան կենտրոնը 2019 թվականին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման ծրագիր։ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի հաղթողներից է Ամստերդամի համալսարանի ասպիրանտ Նաիրա Սահակյանը։ Նա գիրք է գրում 1917 թվականի Ռուսական հեղափոխության վերաբերյալ հայ մտավորականների դիրքորոշման ու ընկալումների մասին։ Գիրքը պատրաստ կլինի 2021 թվականի մարտին։ Մինչև այդ Նաիրի Սահակյանը ներկայացրել է աշխատանքի ընթացքը։

Նաիրա Սահակյանի գրքում ներկայացված կլինեն մարդկային պատմություններ, անձնական հարաբերություններ և գիտական բանավեճի առիթ հանդիսացած հարցեր:

«Հետազոտությունը քննարկում է շատ կարևոր հարցեր, ինչպիսին օրինակ, թե ինչ է ազգը, ով է հայը կամ ինչ դեր ունի լեզուն, արդյոք պետք է հայերեն խոսես, եթե մաս ես կայսրության, կայսրության լեզվով խոսես, թե ոչ կամ ինչ է տալիս քեզ էդ լեզուների իմացությունը»- իր գրքի մասին պատմում է Նաիրիան։

Երիտասարդ գիտնականն իր հետազոտությամբ պատասխանում է հարցին, թե մտավորականության համար ինչ է Թուրքահայաստանը և արդյոք այդտեղից պետք է սկսվի նոր Հայաստանը: Սա քիչ ուսումնասիրված ժամանակաշրջան է, իսկ գրականություն գրեթե չկա: Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի օժանդակությամբ 1917 թվականի իրադարձությունների մասին գիրքը ընթերցողների համար հասանելի կլինի 2021-ի մարտին։ Չնայած համավարակով պայմանավորված սահմափանակումներին, հետազոտության ժամանակացույցը չի փոխվել և նախատեսված ժամկետին աշխատանքը կներկայացվի լայն հանրությանը։