Արշակ Սարգսյանի սյուրռեալիստական ​​աշխարհը հայտնվեց Եվրոպայի կենտրոնում (տեսանյութ)

Dec 23

Տարվա մշակութային կարևոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ Իտալիայի Արիչչայի Կիջի Պալատի թանգարանում: Հենց այստեղ բացվեց հայ նկարիչ Արշակ Սարգսյանի աշխատանքների ցուցահանդեսը: «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի աջակցությամբ երիտասարդ արվեստագետի գործերը կցուցադրվեն 3 ամիս: Արշակը վերջին մեկ տարին պատրաստվում էր Իտալիայում առաջին անհատական ցուցահանդեսին։ Մի քիչ ձգձգվեց կորոնավիրուսի պատճառով, իսկ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում Արշակը չկարողացավ անձամբ ներկա գտնվել իր ցուցահանդեսին:

Արշակ Սարգիսյանի սյուռեալիստական ​​աշխարհը հայտնվեց Եվրոպայի կենտրոնում «Հրեշտակներ և դևեր» անվանումով: Այս թեմայով աշխատանքները շատ էին, պարզապես փոքր ցուցասրահի պատճառով ընտրել է առավել կարևորներից 40-ը՝ 15 յուղաներկ, որից 6-ը մոնումենտալ գործեր են, 20-ը՝ գծանկար:

Ցուցահանդեսի առաջարկը ստացել է Հայաստանում Իտալիայի դեսպանատնից. «Առաջարկեցին աշխատանքներս ներկայացնել Հռոմում, տեղեկացրեցին, որ հարկավոր է գլխավոր հովանավոր, իսկ դեսպանատունը կարող էր աջակցել միայն իտալացի արվեստագետի։ Ու քանի որ լսել էի Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի մասին, գիտեի, որ աջակցում, քաջալերում են երիտասարդ ստեղծագործողներին, դիմեցի ։ Ծանոթացան իմ նախագծին և արագ արձագանքեցին։ Պատասխանեցին, որ կօգնեն իմ աշխատանքները ներկայացնել հեղինակավոր թանգարանում»:

2018-2020 թվականներին տարբեր դեսպաններ, մշակութային հեղինակավոր կառույցներ, աշխարհահռչակ համադրողներ կազմակերպեցին մշակութային արժեքավոր միջոցառում՝ ցուցադրելով նկարիչների աշխատանքներ: 2018 թվականին Հայաստանում ևս տեղի ունեցավ Հռոմեական Բարոկկոյի թեմայով աշխատանքների ցուցահանդես:

Հայաստանի հետ մշակութային երկխոսությունը վստահվեց հեռանկարային նկարիչներից մեկին՝ Արշակ Սարգսյանին: Թանգարանի համադրող Ֆրանչեսկո Պետրուչչին անձամբ է զբաղվել ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքով: Ցուցահանդեսը առանձնահատուկ նշանակություն ստացավ համավարակի և պատերազմի օրերին՝ նկատում է Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանը. «Սա երկողմ մշակութային հարաբերությունների մի օրհներգ է։ Կարծում եմ, որ այս մեծ պատրաստակամության և երկխոսության որոնման համատեքստում է, որ պետք է տեղի ունենա «ANGELS AND DEMONS» ցուցահանդեսը՝ այդքան հին և մեծագույն գեղեցկությամբ այդքան հարուստ երկու երկրների միջև փոխանակման այս բեղնավոր և խելացի տրամաբանության միջավայրում»։

Իտալական մամուլն Արշակի գործերը համարեց ուղևորություն դեպի մարդու հոգու խորհուրդներ՝ հավելելով, որ երիտասարդ արվեստագետի դիմանկարներում միահյուսված է հայ ժողովդրի փառահեղ ու միևնույն ժամանակ դաժան անցյալը: Գյումրիում արվեստագետի ընտանիքում ծնված ու մեծացած Արշակը ստեղծագործում է տարբեր ճյուղերում, հիշողության, գույին ու երևակայության արդյունքում էլ հենց ստեղծել են «Հրեշտակներ և դևեր» հավաքածուն: Իր յուրօրինակ, էքսցենտրիկ ու ժամանակակից կերպարները, կարծես, բացահայտում են երազի և իրականության միջև ստեղծված մի աշխարհ ՝ անիրական հերոսների միջոցով, գեղեցկության ու ներդաշնակության համադրությամբ: