Այսօր տեղի ունեցավ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» շնորհանդեսը։ Այն ստեղծվել է ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի։ Հիմնադրամն իրականացնելու է նախագծեր և դրամաշնորհային ծրագրեր արվեստի, մշակույթի պահպանման, զարգացման և տարածման համար։
Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է տասն ամիս առաջ և աշխատելու է երկու հիմնական ուղղություններով։
«Մինասյան» բաժինը զբաղվելու է պատմության և քաղաքագիտության ոլորտներով, «Հասրաթյան» բաժինը՝ արվեստի և մշակույթի։
Հիմնադրամի տնօրենը ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն է։ Նրա խոսքով՝ հիմնադրամի գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ, բայց գրանցվել է 2018-ին:
««Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» հետամուտ է լինելու նոր գաղափարների, նոր բովանդակության ստեղծմանը, հայկական մշակութային լավագույն ավանդույթների պահպանմանը՝ այն հույսով ու վստահությամբ, որ այն կաթիլը, որը կարող է ավելացնել «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» հայկական մտքի զարգացման գործում՝ տարիների ընթացքում կդառնա արժեքավոր և օրինակելի»,- ասաց Հրաչ Քեշինյանը։
Հիմնադրամի շնորհանդեսին ներկա էին հասարակական-քաղաքական, մշակույթի բնագավառի մի շարք հայտնի մարդիկ:
Հիմնադրամի ծրագրերը, գործունեությունը և առաքելությունն ավելի մանրամասն ներկայացվեց «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» մասին պատմող ֆիլմի տեսքով:
Այսօր նաև պարզ դարձան 2019-ի մայիսի 1-ին հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային «Ճգնաժամ/ Crisis» մրցույթի արդյունքները։
Ներկայացված է եղել 40 աշխատանք, հաղթող է ճանաչվել երեք նախագիծ։
Աղբյուրը ՝ 168.am