29.06.2021

Կարեն Բալյանը իր նոր գրքի, Ֆենիքս Դարբինյանի վերացած ժառանգության և Երևանի ճարտարապետության մասին (տեսանյութ)

Գարնանը Newmag-ը ներկայացրեց Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան» մենագրությունը: Գրքի գաղափարը Հասրաթյան-Մինասյան հիմնադրամինն է: Հենց այս մենագրությունով էլ մեկնարկեց «Հասրաթյան» մատենաշարը: Գրքի, Ֆենիքս Դարբինյանի և Երևանի պատվավոր քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի բացառիկ նախագծերի մասին Հայաստանի հանրային ռադիոյի տաղավարում ներկայացրել է գրքի հեղինակ Կարեն Բալյանը:

1960-70-ական թվականներին Երևանի ճարտարապետության ամենավառ ժամանակաշրջանն էր: Հենց այդ ժամանակ էլ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը ճարտարապետների թիմի հետ միասին կարողացավ 15 տարվա ընթացքում Երևանը վերածել մոդեռնիստական քաղաքի՝ ընդգծում է Կարեն Բալյանը. «Գրիգոր Հասրաթյանն այդ տարիներին ստեղծեց նախագծային ինստիտուտ և իր շուրջը հավաքեց լավագույններին, և երբ դարձավ քաղաքապետ, ակտիվորեն ճարտարապետների հետ աշխատում էր: Այդ թիմում, եթե սկզբում տարեց ու փորձառու ճարտարապետներ էին, որոնց փոխարինեց երիտասարդներով, ու առաջիններից էր Ֆենիքս Դարբինյանը. նա հայ մոդեռնիզմի հիմնադիրներից է»:

Ամենավառ դեմքերից մեկը, որին վստահում էր Հասրաթյանը, Ֆենիքս Դարբինյանն էր՝ երիտասարդ, պրպտող ճարտարապետն իր ինքնատիպ ինքնագրով: Ու սկսվեց հայ ճարտարապետության մոդեռնիզմի ոսկե փուլը: Նրանց նախաձեռնությամբ արդիականացվեց Երևանի կենտրոնը, վերակառուցվել՝«Անի» հյուրանոցը, Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին Մեծ շատրվանով. «Մինչև 1970-ականներն այս թիմի ներկայացուցիչները դարձան հայկական մոդեռնիզմի կնքահայրերը: Նրանց շնորհիվ Երևանը կառուցվեց մոդեռնիստական ոգով, արդիականացվեց: Դարբինյանը ստալինյան մղձավանջից դուրս գալու համար ստեղծեց ազատ ձևերի ու տարածությունների ճարտարապետություն»:

«Ֆենիքս Դարբինյան» գրքում Կարեն Բալյանն անդրադառնում է ցավոտ թեմաների: Դարբինյանի գործերից այսօր մայրաքաղաքում չես կարող տեսնել՝ կամ արդեն հողին են հավասարեցրել կամ աղավաղել են. «Օղակաձև զբոսայգու առաջին ու վերջին հատվածը հենց Ֆենիքս Դարբինյանի նախագծով է կատարվել, ինչը միջազգային մակարդակի ճարտարապետություն էր: Մենք գոնե զարգացնեինք մոդեռնիզմը, համառորեն շարժվում ենք ստալինյան՝ ծանր ճարտարապետության հետևից, որը դեմ է նաև մեր մտածողությանը: Մոդեռնիզմը նաև հստակ գաղափարախոսություն ունի՝ ընդդեմ ստալինյան պճնանքին»:

Այդ ժամանակ Երևանն ամենակոնցեպտուալ քաղաքներից էր: Ըստ Կարեն Բալյանի, Հասրաթյանն ու իր ճարտարապետական խումբը մայրաքաղաքը վերածել էին լույսի, ուրախության քաղաքի, որը նաև երևանցիների սրտով էր: