14.09.2020

«Առերեսում» թեմայով դրամաշնորհային 2-րդ մրցույթի հաղթողները ստացել են պատվոգրերն ու դրամաշնորհի հավաստագրերը

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարել էր դրամաշնորհային ծրագիր վիզուալ արվեստի ոլորտում գործեր ստեղծելու համար: Թեման՝ «Առերեսում»-ն է, ծրագրի նպատակն է՝ աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, գնահատել արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: Հաղթող մասնակիցները հիմնադրամում ստացել են իրենց պատվոգրերը, հիմա անցել են գործի. պատրաստվում են գարնանը ներկայացնել իրենց նախագծերը։

«Առերեսում» թեմայով դրամաշնորհային 2-րդ մրցույթի հաղթողներից Շահանե Շահբազյանն ամենաերիտասարդն է, հանդես է գալիս «Ինքս ինձ հետ՝ առերեսեված» նախագծով։ Աշխատանքը կներկայացնի գեղարվեստական տպագրության ճյուղում. «Փորձում եմ նոր-նոր քայլեր անել այս ոլորտում։ Սկիզբը շատ ավելի բարդ է երիտասարդ արվեստագետի համար: Իսկ այսպիսի հիմնադրամներն օգնում են, որը արվեստում մեր քայլերը կարողանանք անել համոզված և վստահ։ Այս դրամաշնորհի շնորհիվ կունենամ մեծ հավաքածու, որը կօգնի հետագայում լուրջ գործունեություն ծավալելու համար»:

Շահանեի հետ որպես համադրող հանդես է գալիս Լիլիթ Ալեքսանյանը։ Իր երիտասարդ գործընկերոջ հետ առաջիկա ամիսներին պետք է լուրջ և ծավակուն աշխատանք կատարեն, վստահ է՝ գործակցությունը կստացվի, քանի որ Շահանեն չափազանց աշխատասեր է. «Շատ ուրախ եմ, որ Շահանեն Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի միջոցով ունի հնարավորություն զարգացնել և հմտանալ գեղարվեստական տպագրության մեջ։ Միասին ենք հանդես գալիս և համոզվածեմ եմ՝ կկարողանանք հետաքրքիր շարք ներկայացնել»։

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի ժյուրին ստացել է 21 հայտադիմում Երևանից և մարզերից: Հաղթողներից Էդիկ Պողոսյանը ներկայացնելու է «Ուրբան պոեզիա» խորագրով աշխատանք։ Ըստ նրա, հիմնադրամը հնարավորություն է տալիս զարգանալ արվեստագետին և զարգացնել արվեստը: «Դրսում շատ կան դրամաշնորհային ծրագրեր, բայց մշակությաին տարբերությունները հաճախ պատնեշ են նպատակին հասնելու համար: Իսկ տեղի հիմնադրամները հեշտությանբ կարող են հասկանալ՝ ինչ խնդիրներ ես բարձաձայնում»։

Երրորդ հաղթողը՝ Ռուզան Պետրոսյանը հանդես է գալիս վիդեոարտում։ Հաայստանում սա դեռ նոր-նոր է տարածվում։ Ռուզանի հիմնական աշխատանքները պատրաստված են արտասահմանում։ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Առերեսում» դրամաշնորհային ծրագրում նա ներկայացնելու է «Waiting for the…» նախագիծը. «Ցավոք, վիդեոարտը Հայաստանում տարածված չէ, շատ քիչ տոկոսը գիտի՝ ինչ է այն: Ընդհանրապես դրամաշնորհը կարևոր է արվեստագետի կյանքում։ Ի դեպ, առաջին անգամ է, որ Հայաստանում գնահատվեցի, ինչի համար շատ ուրախ եմ, շնորհակալ եմ հիմնադրամին և հուսով, որ կարդարացնեմ սպասումները»:

Մարդիկ չեն սիրում առերեսվել իրականության հետ, որովհետև այն հաճախ լինում է խնդրաշատ, անարդար, ցավոտ, անգամ՝ հակասական։ Առավել ևս չեն սիրում առերեսվել սեփական ես-ի հետ։ Հաղթող արվեստագետները պատրաստ են առերեսվել իրականության հետ։ Դրա արդյունքը կտեսնենք գարնանը։