19.10.2020

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

86 տարեկանում կյաքից հեռացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։ ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ արտասահմանյան անդամ Մուշեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ Հայպետնախագիծ ինստիտուտի և Գյումրու գլխավոր ճարտարապետը 1964-1967 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 2001-2009 թվականներին եղել է Երևաննախագիծ ՓԲԸ գործադիր տնօրենը։ Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում։ 1963 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս։

Մուշեղյանը Երևանի Հրազդան մարզադաշտի, Գյումրիի օդանավակայանի, ինչպես նաև Մարզահամերգային համալիրի համահեղինակ է։

Բազմաթիվ մրցանակների և պարգևների արժանացած ՀՀ վաստակավոր ճարտարապետի և ակադեմիկոսի ավանդն ու ներդրումը անգնահատելի են 20-րդ դարի երկրորդ կեսում Երևանի քաղաքաշինական զարգացման գործում: Գուրգեն Մուշեղյանն ու Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը երկար տարիներ միասին աշխատելեն թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում։Հասրաթյան֊Մինասյան հիմնադրամը վշտակցում է հարազատներին և հայ հասարակությանը վաստակավոր ճարտարապետի մահվան կապակցությամբ։