20.04.2021

«Ճգնաժամ/Crisis» մրցույթի IMPRINTS գործն արդեն պատրաստ է (տեսանյութ)

Անուշ Ղուկասյանը «Ճգնաժամ/Crisis» ծրագրի դափնեկիրներից է: Առաջին դրամաշնորհային մրցույթի հաղթողն իր գործով անդրադարձ է կատարել անհատի ինքնության կայացման ճգնաժամին՝ առհասարակ և մասնավորապես ՀՀ ում: IMPRINTS կոչվող գործն արդեն պատրաստ է:

Անուշ Ղուկասյանի ու կավի միջև երկխոսություն է սկսվում հենց ստեղծագործելու առաջին իսկ րոպեներից: Այս նյութի հետ աշխատանքը մի ամբողջ պայքար է՝ նախ արվեստագետը փորձում լեզու գտնել կավի հետ, հետո արդեն նյութն ինքն է թելադրում իր կանոնները: Մասնագիտությամբ խեցեգործ Անուշը մի օր հայտնվեց խեցեգործական արվեստանոցում ու հասկացավ՝ սա այն նյութն է, որի լայն հնարավորություններն իրականություն կդարձնեն իր վառ մտքերը. «Իմ բոլոր մտքերը կարողանում եմ կավի միջոցով իրականություն դարձնել»:

2019-ին, երբ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարեց ճգնաժամ դրամաշնորհային ծրագիրը, Անուշն արդեն պատկերացնում էր, թե ինչպես է կավը դառնալու իր գաղափարն արտահայտելու նյութը. «Թվում է իրարից տարբեր են այն առարկաները, որ ստեղծել եմ կավից, սակայն դրանք բոլորը մեկ թեմայի շուրջ են ու ունեն մեկ ընդհանուր թեմա՝ ճգնաժամ»:

Աշխատանքն արդեն պատրաստ է՝ այս գործն անդրադարձ է անհատի ինքնության կայացման ճգնաժամին: Առաջին հայացքից իրար հետ կապ ու օրինաչափություն չունեցող իրերն ունեն ստեղծման տարբեր պայմաններ, ժամանակաշրջաններ, տեղանք ու նյութականություն: Այս գործով Անուշը զուգահեռներ է տանում անհատի կայացման ու ճգնաժամերի միջև.

«Նպատակ ունենալով զուգահեռներ տանել այս գործի և անհատի կայացման ընթացքի ճգնաժաﬕ ﬕջև, ես այս չորս տարբեր իրերը բերում եմ թանգարանային ﬕջավայր, զրկում եմ նրանց իրենց նախնական և բնորոշ նյութականությունից և չափսերից՝ վիզուալացնելով նույնականացումը և հղելով դեպի անհատի նույնականացմանը և նույնականացումը՝ որպես հարմարվողականության գործընթացի արդյունք դիտարկելը»:

Գույների ու հետքերի միօրինակությունը ճգնաժամի մասին են: Արվեստագետն իր օրինակով է հասկացել՝ կարևոր ու անհրաժեշտ է ճգնաժամերի ընթացքում գործելը։ Նրա վերջին՝ «Ներսուդուրս» գործը հենց ճգնաժամից դուրս գալու խորհուրդն ունի: Վերնագիրը «Մնա տանը» հայտնի կարգախոսից է, որը սկզբում կոչել էր «Դուրս արի», բայց հետո դարձավ՝ «Ներսուդուրս», քանի որ ճգնաժամերից խուսափելը գրեթե անհնար է: