29.04.2021

Այսօր Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 95 տարեկան (լուսանկարներ)

Այսօր գեղանկարիչ, կինոռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-ամյակն է: Աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նա մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում: Նաև նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ», «Մորգանի խնամին», «Մարդն «Օլիմպոսից»» և «Կարինե» ֆիլմերում: Եղել է Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչը:

 

 

Վալենտին Պոդպոմոգովի անվան հետ է կապված հայկական մուլտիպլիկացիայի վերածնունդը Հայաստանում: Նրա առաջին աշխատանքը դարձավ «Մի կաթիլ մեղրը», հետո հաջորդեցին մյուսները: Սակայն ամենակարևորը գուցե այն է, որ Պոդպոմոգովը ոգևորեց և իր շուրջը համախմբեց մի շարք շնորհալի երիտասարդների, որոնք հետո պետք է շարունակեին կերտել մեր ազգային մուլտարվեստի պատմությունը:

 

 

ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վալենտին Պոդպոմոգովը ոչ միայն ինքնատիպ արվեստագետ էր, այլև չափազանց հետաքրքիր մարդ ու զրուցակից: Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկանում: Մի առիթով նա ասել է՝ նկարում են ոչ թե ձեռքով, այլ աչքով. «Երբեք չեմ որոնել պայմաններ, որ բնություն նկարեմ: Ես ինքս հորինում եմ բնապատկերներ: Այն, ինչ կա մարդու երևակայության մեջ, բոլորը իրական են և օբյեկտիվ, քանի որ մարդն ինքն էլ իրական է: Ես ֆանտաստիկայի կողմնակից եմ, բայց ոչ այն, որ մարդը նվաճում է, այլ այն, որ քո մեջ տեսնում ես տիեզերքը նվաճած»:

Արվեստի վաստակավոր արտիստ Հենրիկ Իգիթյանի բնորոշմամբ, Պոդպոմոգովը հայտնի էր ոչ միայն արվեստագետների շրջանակում՝ նրան սիրում ու մշտապես իր շուրջն էին հավաքում ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի մարդիկ. «Այն տարիքում, երբ մարդիկ ամփոփում են անցած ուղին, նա ամբողջովին անցավ գեղանկարչությանը և մի քանի տարվա ընթացքում ստեղծեց մի շարք աչքի ընկնող կտավներ, որոնք անմիջապես սիրվեցին ու գնահատվեցին»:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը Երևանի գլխավոր նկարիչ էր այն ժամանակաշրջանում, երբ քաղաքապետը Գրիգոր Հասրաթյան էր: Նրանց ջերմ հարաբերությունների մասին են վկայում բազմաթիվ լուսանկարներ: Այս տարի Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը «Հասրաթյան» մատենաշարի շրջանակում կներկայացնի Վալենտին Պոդպոմոգովի մենագրությունը, որի հեղինակն արվեստաբան Վիգեն Գալստյանն է: Գրքում տեղ են գտնելու հետաքրքիր ու բացառիկ փաստեր, պատմություններ քսաներորդ դարի հայ կերպարվեստի նշանավոր գործիչի ժառանգության մասին: