2020-ին Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարել էր դրամաշնորհային ծրագիր «Առերեսում» թեմայով: Մինչև 2021-ի մարտ հաղթողները պետք է ներկայացնեն գործեր՝ վիզուալ արվեստի ոլորտում: Ծրագրի նպատակն է՝ աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, գնահատել արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: Հաղթողներից Շահանե Շահբազյանն ու նրա աշխատանքների համադրող Լիլիթ Ալեքսանյանն արդեն պատրաստ են գարնան ցուցադրությանը:
Գեղարվեստի ակադեմիայի սան Շահանե Շահբազյանը 21 տարեկան է: Արվեստում առաջին քայլերն արել է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում՝ ուսումնասիրելով գեղանկարչություն, օրիգամի և թատերարվեստ: Ուսումը շարունակել է Գեղարվեստի Պետական Ակադեմիայում՝ մասնագիտանալով խեցեգործության մեջ։ Ժամանակի ընթացքում ուսումնասիրել է փայտափորագրություն, օֆորտ, լինոփորագրություն և մենատիպ տեխնիկաները։
Լիլիթ Ալեքսանյանը մասնագիտությամբ սոցիոլոգ է, մշակութային լրագրող ու թարգմանչուհի, ցուցահանդեսների համադրող։ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Առերեսում» դրամաշնորհային ծրագրում Շահանեն ու Լիլիթն ընտրել են «Ինքս ինձ հետ՝ առերեսված» թեման: Գեղարվեստական աշխատանքների միջոց են ցույց տալ, թե երիտասարդ արվետսագետն ինչ պատկերացումներ ունի առերեսում թեմայի վերաբերյալ:
Շահանեն հերթով ցույց է տալիս աշխատանքները: Արվեստանոցում ամենուր նրա գործերն են՝ հիացմունքով պատմում է յուրաքանչյուրի մասին: Այս ամիսների ընթացքում նրանք օր ու գիշեր աշխատել են, նույնիսկ պատրաստվում են գերազանցել սահմանված թիվը՝ կներկայացնեն ավելի քան 80 աշխատանք:
Հիշեցնենք, որ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի ժյուրին ստացել է 21 հայտադիմում Երևանից և մարզերից: «Առերեսում» թեմայով դրամաշնորհային երկրորդ մրցույթում հաղթող էին ճանաչվել հետևալ նախագծերը՝
- Շահանե Շահբազյան. «Ինքս ինձ հետ՝ առերեսված» ( համադրող՝ Լիլիթ Ալեքսանյան)
- Էդիկ Պողոսյան. «Ուրբան պոեզիա»
- Ռուզան Պետրոսյան. «Waiting for the…»
«Առերեսում» ծրագրի հաղթող մասնակիցները նախագծերը պատրաստ կլինեն գարնանը: